Պատերը քանդելու ժամանակը

2012-01-16

«Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի շրջանակում Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները միմյանցից տարիներ շարունակ անջատող խորհրդանշական պատն այսօր քանդվել է: Խորհրդանշական միջոցառմանը մասնակցել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Կարևորելով երևույթը՝ նախարարը նշել է , որ   հայաստանյան բուհերը ոչ թե իրարից առանձնանալու, այլ իրար հետ շփվելու և համագործակցելու կարիք ունեն:
«Պատերը պետք է քանդվեն, իսկ բաժանող գծերը` մաքրվեն: 1989 թվականին կառուցված պատի քանդումը խորհրդանշական է, որովհետև մեր երկրում անցել են ժամանակները, երբ որևէ մեկը կարող էր ասել այս  մուտքը, ուսանողը կամ լաբորատորիան իմն է: Եկել է պատերը քանդելու ժամանակը: Գալիք տարիների ընթացքում մեզ  համերաշխություն ու միասնականություն է անհարաժեշտ:»,- նշել է նախարարը: Ընդգծելով, որ Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարաններ մեր երկրի գիտակրթական  կարևոր կենտրոններից են, նախարարը նշել է, որ խորհրդանշական պատի քանդումը բուհերի վերամիավորում չի ենթադրում: «Բուհերի ֆիզիկական միավորում նախատեսված չէ, բայց  որպես նույնանման կրթություն իրականացնող երկու բուհեր, համագործակցություն լինելու է: Եվրոպան, որի կրթական տարածքի մի մասն է նաև Հայաստանը, շարժվում է բուհերի կոնսոլիադացման ճանապարհով, ուստի բուհերի զուգահեռ համագործակցությունը հեռանկարային է նաև մեր բոլոր բուհերի համար»,- մեկնաբանել է նախարարը:
1980-ականների վերջին երկու բուհերի՝ Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ձևավորվելուց հետո ուսումնակրթական բազաների հավասար տեղաբաշխման հարցը լիարժեք  լուծում չի ստացել : Նկատի առնելով այս խնդիրը՝ Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանների ռեկտորներ Հ. Թոքմաջյանն ու Ա. Ավետիսյանը որոշում են կայացրել առանց կոմերցիոն պայմանների, համատեղ շահագործել  բուհերի  ուսումնական լաբորատորիաները, արտադրական և սպորտային  բազաները, ինչը  կսերտացնի երկու բուհերի ուսանողական և դասախոսական կազմերի շփումը և  կնպաստի  գիտակրթական մտքի զարգացմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։