Որոշ դպրոցներում արձակուրդը երկարացվել է
2012-01-12
Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցից 342-ը ջեռուցման խնդիրների պատճառով դեռևս չեն վերսկսել իրենց ուսումնական գործընթացը: Այդ դպրոցներում գարնանային արձակուրդները միացվել են ձմեռային արձակուրդին և դասերը կվերսկսվեն հունվարի 23-ից: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Հայելի» մամուլի ակումբում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
Նախորդ տարվա վերջին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները, շրջաբերական գրություն էր ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որտեղ նշվում էր, որ նախարարությունը չի առարկում, որ գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին:Ըստ նույն շրջաբերականի, հաշվի առնելով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները, ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով: Ըստ Ն. Հովհաննիսյանի՝ արձակուրդները երկարացնելու վերջնական որոշումը ընդունել են դպրոցները՝ լիազոր մարմնի՝ մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով: Այն դպրոցները, որտեղ ձմեռային արձակուրդները երկարաձգվել են, գարնանային մեկշաբաթյա արձակուրդներ չեն լինի: Նարինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ Երևանի 208 դպրոցներից ջեռուցման խնդիրներ ունեն ընդամենը 28-ը, այդ թվում 20-ը Երևանի քաղաքապետարանի, 8-ը՝ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ: «Եղանակի տաքությունը ոգևորել է մի շարք դպրոցների, որոնք թեև նախապես որոշել էին հետաձգել դասերը, սակայն հաշվի առնելով եղանակային բարենպաստ պայմանները, որոշումը չեղյալ են համարել և վերսկսել կրթական գործընթացը»,- պարզաբանել է Ն. Հովհաննիսյանը և հավելել, որ մինչև երկուշաբթի արձակուրդը երկարաձգած դպրոցների թիվը կարող է նվազել: Նա նաև վստահություն է հայտնել, որ հաջորդ տարի ջեռուցման խնդիրներ ունեցեղ դպրոցների թիվը էապես կնվազի: