2011-ը. ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների ու հին խնդիրների տարի

2011-12-23

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Գնահատելով 2011 թվականին կատարված աշխատանքները՝ նախարարը նշել է, որ տարին ակտիվ աշխատանքի, նոր ձեռքբերումների ու հին խնդիրների տարի էր: «Մեզ հաջողվեց բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրել և քաղաքականության, և ենթակառուցվածքների ուղղությամբ, միաժամանակ մի շարք հիմնարար խնդիրներ դեռևս լուծման կարիք ունեն», -նշել է Ա. Աշոտյանը: ՀՀ կրթության և գիտության նախարարը թվերով ու փաստերով ամփոփ ներկայացրել է կրթության համակարգի 2011 թվականի գործունեության հաշվետվությունը, մասնավորապես 125 համայնքներում ստեղծվել են նախակրթարաններ, որոնցում ընդգրկվել է շուրջ 1700 երեխա:
 Վերապատրաստում են անցել մոտ 8 հազար ուսուցիչներ, հաստատվել է հանրակրթության պետական չափոոշիչը,  անցում է կատարվել 12-ամյա կրթական համակարգին, դպրոցաշինական ծրագրերի շրջանակում վերակառուցվել են  9 ավագ դպրոցներ:  Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում օտարազգի ուսանողներն ավելացել են 520-ով, ընդ որում այս թվի մեջ ներառված չեն Ռուսաստանից ու Վրաստանից ընդունված ուսանողները: Տարին բուռն տարի էր նաև դպրոցի տնօրենների հավաստագիր ստանալու առումով, որն ըստ նախարարի, անցնող տարվա ամենահաջող բարեփոխումներից էր: «Այս տարի նկատելի աշխատանք է կատարվել նաև դպրոցների համակարգչայնացման ուղղությամբ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո Հայաստանի 250 և Լեռնային Ղարաբաղի 10  դպրոցներում համալրվել են համակարգչային դասարանները: Արդյունքում աշակերտ - համակարգիչ հարաբերակցությունը համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշին»,- նշել Ա.Աշոտյանը և հավելել, որ կրթական համակարգի գլխավոր նորությունը «Շախմատ» առարկայի ներմուծումն էր: Ըստ նախարարի՝ առաջին կիսամյակի ամփոփումը ցույց է տալիս, որ նորամուծությունը հաջողվել է և շարունակվելու է համագործակցությունը Շախմատի ֆեդերացիայի հետ: Հայ դպրոցականները հաջող արդյունքներ են գրանցել միջազգային օլիմպիադաներում՝ 6 առարկայական օլիմպիադաներից 10 մեդալ: Ներառական կրթություն ապահովող դպրոցների թիվը ավելացել է 15-ով՝ դառնալով 81: Հատուկ դպրոցներում խստացվել է  հանրային վերահսկողությունը, որն իրականացվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից: Միջին մասնագիտական կրթության ոլորտում կատարված ինստիտուտոցիոնալ փոփոխություններից Ա. Աշոտյանն առանձնացրել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անցումը ԿԳՆ-ի ենթակայության տակ, հավելելով, որ գործընթացը կշարունակվի մինչև 2013թվականը: Տարվա ընթացքում ԵՄ աջակցությամբ  12 քոլոջներ նորոգվել և վերազինվել են:
ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բուհական համակարգում կատարված փոփոխությունները. «2011-ին կառավարությունն ընդունեց մի շարք կարևոր փաստաթղթեր բարձրագույն կրթության վերաբերյալ և, մասնավորապես, ֆինանսավորման նոր ռազմավարությունը: Նաև ընդունվել է որակավորումների ազգային հայեցակարգը, որը չափազանց կարևոր է ու պետք է դառնա հայաստանյան բարձրագույն մասնագիտական համակարգը դրսում ճանաչելի դարձնելու հենասյունը»,- մասնավորապես նշել է  ԿԳ նախարարը, տեղեկացնելով, որ մասնավոր բուհերի թիվը տարվա ընթացքում նվազել է, ինչը պայմանավորված է որակի վերահսկողության և լիցենզավորման պահանջների խստացմամբ: 2011-ին մեր երկիրը Լեհաստանի հետ միասին բավականին արդյունավետ  իրակականցրել է  Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը:
ԿԳ նախարարության աշխատանքի առաջին գնահատողը, ըստ նախարարի հանրությունն է և քաղաքացիական կառույցները: Այս առումով ևս արդյունքները դրական են՝ ՀՀ ԿԳ նախարարությունը ճանաչվել է 2011 թվականի ամենահրապարակային պետական կառույցն ու արաժանացել «Ոսկե բանալի» մրցանակի: Կատարված մոնիթորինգի արդյուներով՝ ԿԳՆ-ի պաշտոնական կայքը այցելուների քանակով պետական կառույցների կայքերի շարքում առաջատարներից է եղել, տարվա ընթացում կայքում  տեղադրվել է կրթական համակարգում տեղի ունեցող իրադարձությունների մասին պատմող շուրջ 600 լուր՝ այսինքն մեկ աշխատանքային օրվա ընթացում միջինը 2 տեղեկություն:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: Ի պատասխան Կրթության և գիտության նախարարության անցնող տարում բացթողումների արձանագրման հարցին, նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ տարին եղել է հին խնդիրների լուծման տարի, բայց դեռևս վերջնականապես լուծված չէ կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման խնդիրը, որը նախարարության առաջնային նպատակներից է: «Իհարկե արդյունքներ կան, բայց դրանք դեռ գոհացուցիչ չեն ոչ մեր, ոչ էլ հասարակության համար»,- այս առնչությամբ նշել է նախարարը:
Նախարարը որպես խնդիր մատնանշել է նաև  կրթության մատչելիության, կրթարանների գույքային ու տեխնիկական ապահովման, ջեռուցման հարցերը: Ընդհանրացնելով կատարվածը՝ նախարարը նշել է. «Բուհական համակարգի  տերմինաբանությամբ, մենք հավաքել ենք բավարար կրեդիտ, ինչը գոհացուցիչ է, բայց ցանկալի կլիներ եթե արդյունքը ավելին լիներ»:
Նախարարը, օգտվելով առիթից, շնորհավորել է Ամանորն ու Սուրբ ծնունդը և շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներն ողջ տարվա ընթացքում համագործակցված և արդյունավետ աշխատանքի համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։