Լիարժեք քաղաքացու կերտումը` գլխավոր նպատակ

2011-12-16

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր տեղի է ունեցել «Աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով գիտակրթական կոնֆերանս, որին մասնակցել են ՀՀ  կրթության և գիտության, պաշտպանության,  սպորտի և երիտասարդության հարցերի նախարարները, ԼՂՀ կրթության և գիտության նախարարը, հանրապետության տարբեր դպրոցների զինղեկներ, ուժային կառույցների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում,  կարևորելով ռազմահայրենասիրական դաստիարակության հասարակական նշանակությունը, առաջնային է համարել կրթական և պաշտպանական գերատեսչությունների համագործակցությունը: «Կրթությունը միայն գիտելիքի,  հմտությունների ու  կարողությունների փոխանցման գործընթաց չէ: Կրթության գլխավոր խնդիրը քաղաքացիական արժեհամակարգ ձևավորելն է, արժեհամակարգ, որը խարսխված լինելով ազգային ավանդական արժեքների վրա,
նպատակ ունի ապահովել Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացու կերտումը»,- մասնավորապես նշել է կրթության և գիտության նախարարը և հավելել, որ մատաղ սերնդի դաստիարակության գործում կրթական համակարգի համագործակցությունը պետական և հասարակական կառույցների հետ խիստ կարևոր է: ՀՀ կրթության և գիտության նախարարի դիտարկմամբ  պատահական չէ, որ տեղեկատվական պատերազմներով բնորոշվող ժամանակակից աշխարհում պաշտպանության, հոգևոր և կրթական համակարգերն առավել հաճախ են  հարձակման թիրախ դառնում. «Մեր արտաքին հակառակորդները նույնպես հասկանում են, որ մեր ժողովրդի ու պետության գերակա արժեքները հենց այս ոլորտներն են: Մեր խնդիրն է հնարավորինս պաշտպանել այդ համակարգերը: Մենք թույլ չենք տալու մեր սերունդներին շեղել ազգային արժեքների վերարտադրման համակարգից»,- նշել է Ա. Աշոտյանը:
 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտելով, որ  ապագա զինվորը ձևավորվում է դպրոցում, առաջնային է համարել  ռազմահայրենասիրական դաստիարակաության արդյունավետ կազմակերպումը: Ս. Օհանյանը նշել է, որ վերջին տարիներին Պաշտպանության ու Կրթության և գիտության նախարարությունների ընդհանուր ջանքերի շնորհիվ այս ոլորտում գրանցվել են հաջողություններ, սակայն անելիքները նույնպես բավականին շատ են:
Կոնֆերանսի ավարտին մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում արդյունավետ աշխատանքի համար կրթության, պաշտպանության, ինչպես նաև այլ գերատեսչությունների մի շարք պաշտոնյաներ և աշխատակիցներ արժանացել են պարգևների:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։