Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ
2011-12-15
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17-ը Աղվերանում կազմակերպել է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները: Ֆորումին ներկա էին ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի և միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բացման խոսքում կարևորեց բոլոր շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, որն իր խոսքում ողջունեց ֆորումի կազմակերպումը եւ կարևորեց այս թեմայով քննարկումների ծավալումը` նշելով, որ ակնկալում է ազնիվ, շահագրգիռ եւ բաց քննարկում որակի ներքին ապահովման խնդիրների վերաբերյալ, ինչն իր ազդեցությունը կունենա կրթության գերակա խնդիրները արդյունավետ կազմակերպելու գործում: Ֆորումին ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից ժամանած միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն, որը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Որակի ապահովման ազգային կենտրոնին` կրթության որակի ապահովման մեխանիզմները զարգացնելու հարցում: Եռօրյա ֆորումի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու տեղի և միջազգային հեղինակավոր փորձագետների ելույթներին, մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների «ՈԱԱԿ մոտեցումները», «Որակի ներքին ապահովման համակարգ», «Ինքնավերլուծության մեթոդաբանություն եւ գործիքներ» թեմաներով, ինչպես նաեւ քննարկումների` ՀՀ-ում կրթության որակի ներքին ապահովման արդյունավետ մեխանիզմների եւ մոտեցումների վերաբերյալ: Ֆորումի վերջին օրը նախատեսվում է նաեւ միջազգային կրթական նախագծերի եւ հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձի ներկայացում եւ ուսումնասիրություն: