Վախճանվել է Լյուդվիգ Ղարիբջանյանը

2011-12-14

Դեկտեմբերի 13-ին, կյանքի 90-րդ տարում երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված մտավորական, պետական, կուսակցական անվանի գործիչ Լյուդվիգ Պապիկի Ղարիբջանյանը: Իգդիրեցի հայտնի տոհմի շառավիղ Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922թ. օգոստոսի 24-ին Երեւանում բանվորի ընտանիքում:
1945թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Արդեն ուսանող ժամանակ աչքի է ընկել ակտիվ հասարակական  քաղաքական գործունեությամբ.1942-44թթ. եղել է ԵՊՀ արհկոմի նախագահը, 1944-47թթ. Երեւանի բժշկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության քարտուղարը:

1947-48թթ. աշխատել է Հայաստանի ԼԿԵՄ Կիրովյան շրջկոմի, իսկ 1948-51թթ.` ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար:
1951-53թթ. կրկին աշխատել է Երեւանի պետական համալսարանում իբրեւ կուսակցական կոմիտեի քարտուղար, 1953թ.` ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար:
1954թ. ընտրվել է ՀԿԿ Երեւանի Սպանդարյանի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար:
1957-61թթ. Լ.Ղարիբջանյանը  վերադառնում է ԵՊՀ կուսակցական կոմիտեի քարտուղարի պաշտոնի: 1961-66թթ. նա ՀԿԿ Երքաղկոմի երկրորդ քարտուղարն էր:
1966թ. փորձառու կազմակերպիչն ընտրվում է Հայաստանի կոմկուսի Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, վարելով այդ պաշտոնը մինչեւ 1975թ. : Այդ տարիները նշանավորվեցին Հայաստանի մայրաքաղաքի բուռն զարգացմամբ: Կառուցապատվեց Նոր Նորքի  բնակելի զանգվածը, վիթխարի ծավալների էր հասել բնակարանային շինարարությունը, վերելք էր ապրում Երեւանի արդյունաբերությունը, ողջ տնտեսությունը:
 Լյուդվիգ Ղարիբջանյանը  Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության նախաձեռնողներից  ու կազմակերպիչներից էր: Նա մեծ ուշադրություն էր դարձնում քաղաքի բարեկարգման, կոմունալ տնտեսության, սոցիալական ոլորտի հարցերին:
1975-88թթ. Լյուդվիգ Ղարիբջանյանը Հայկական ԽՍՀ բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության նախարարն էր: Նրա ղեկավարությամբ ու անմիջական մասնակցությամբ հիմնադրվել են մեր հանրապետությունում նորանոր բուհեր, ֆակուլտետներ, տասնյակ նոր մասնագիտություններ, զարգացել է բուհական ու միջնակարգ մասնագիտական հաստատությունների նյութատեխնիկական բազան: 1988-90թթ. աշխատել է ՀԽՍՀ Ժողովրդական կրթության նախարարի առաջին տեղակալ:
Ղեկավար պաշտոններին զուգընթաց  Լյուդվիգ Ղարիբջանյանը վարել է գիտական բեղմնավոր գործունեություն:  Նա Երեւանի պետական համալսարանի` մեր մայր բուհի նախանձախնդիր ու հետեւողական տարեգիրն էր, նրա  գրչին են պատկանում ԵՊՀ պատմությանը, երկրի գլխավոր բուհի երախտավորների կյանքին եւ գործին վերաբերող բազմաթիվ մենագրություններ, այլ գրքեր, հարյուրավոր հոդվածներ ու հետազոտություններ: Ուստի պատահական  չէ, որ, անցնելով կենսաթոշակի, նա հիմնադրեց ԵՊՀ պատմության թանգարանը, որը անմնացորդ նվիրումով ղեկավարեց երկար տարիներ:
Լյուդվիգ Ղարիբջանյանը ուներ նաեւ դասախոսական աշխատանքի հարուստ փորձ, անցնելով ճանապարհ ԵՊՀ ասիստենտից  մինչեւ պրոֆեսոր:
Չնայած պատկառելի տարիքին՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը ստեղծեց ու երկար տարիներ ղեկավարեց Մոսկվայի ձեռներեցության ակադեմիայի Երեւանի մասնաճյուղը, շարունակելով իր մանկավարժական ու կազմակերպչական բեղմնավոր աշխատանքը:
Լյուդվիգ Ղարիբջանյանը 1966-79թթ. ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի, 1955-67թթ. եւ 1980-90թթ. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Նրա ծառայությունները պետության ու ժողովրդի առջեւ գնահատվել են Մովսես Խորենացու  մեդալով, Աշխատանքային կարմիր  դրոշի 4 շքանշանով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության մի շարք պատվոգրերով:
Տասնամյակներ շարունակ լինելով  ղեկավար պաշտոններում՝ Լյուդվիգ Ղարիբջանյանը անփոփոխ պահեց իր մարդկային առաքինի կերպարը: Հանրահայտ էին  նրա անմիջականությունը, ջերմությունն ու հոգատարությունը մարդկանց  նկատմամբ:
Ազնիվ մարդու, ականավոր կազմակերպչի, հայրենասեր գործչի հիշատակն  ու  մնայուն  գործերը ընդմիշտ կմնան ժամանակակիցների սրտերում, հանրապետության  պատմության մեջ:
                                                                    
*Թաղման կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ Լյուդվիգ Ղարիբջանյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 18.00-ին Կոնդի  Սբ.Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը ` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 16-ին ժամը  12.00-14.00-ը, հուղարկավորությունը`ժամը 14.00-ին  Երեւանի քաղաքային գերեզմանոցում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։