Աշխատանքային այց Շիրակի մարզ

2011-12-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Շիրակի մարզ: Նախարարը Գյումրիում աշխատանքային քննարկում է ունեցել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի  հետ:  Այնուհետև ՀՀ կրթության և գիտության նախարարը  հանդիպումներ է ունեցել  Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների Գյումրու մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական կազմերի և գիտական խորհուրդների հետ:
Ամփոփելով կրթության և գիտության համակարգում 2011 թվականի կատարած աշխատանքները և դրանք գնահատելով դրական` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր տարի ոլորտում նոր նշաձող է սահմանվում և հաղթահարվում այն: Նախարարի խոսքով, չնայած այս տարի դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով  բարձրագույն ուսումնական հաստատությունների  համար ծագած դժվարություններին, բուհերի աշխպատանք, ընդհանուր առմամբ, արդյունավետ է եղել: Նախարարը կարևորել է կրթական ոլորտի բարեփոխումների շարունակականությունը, ընդգծելով, որ գերակա խնդիր է  բուհերի միջև մրցակցության խթանումն ու ֆինանսավորման նոր գործիքների  ներդրումը: Հաջորդ տարվա գլխավոր մարտահրավերներից նախարարը կարևորել է միջբուհական մրցակցային միջավայրի բարելալավումը: Ա. Աշոտյանը անդրադարձել է նաև պետական հավատարմագման գործընթացին և շեշտել, որ այն հետագայում բուհերին պետական պատվերով տեղեր հատկացնելու գլխավոր նախապայմանն է հանդիսանալու:
Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընթացող <Համաշխարհային տնտեսության փոփոխման միտումները և Հայաստանի մարտահրավերները> թեմայով հանրապետական գիտաժողովին:
Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել նաև մարզում գործող ավագ դպրոցների տնօրենների հետ և քննարկել հանրակրթության ոլորտում որակի ապահովմանը միտված բարեփոխումների ընթացքը: Նախարարը նշել է, որ մինչև 2018թ. դպրոցներում կդասավանդեն միայն բարձրագույն մասնագիտական կրթությամբ մանկավարժները: Հանդիպման ընթացքում տնօրենները ներկայացրել են առաջարկներ  կրթության ոլորտի տեղերում առկա խնդիրների վերաբերյալ, քննարկվել են նաև աշխատանքային ընթացիկ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։