Բոլոնիայի գործընթացի համանախագահության եզրափակիչ միջոցառումը

2011-12-09

Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում Աղվերանում տեղի է ունեցել երկօրյա միջազգային սեմինար’ «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» թեմայով: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Եվրոպայի Խորհուրդի,, Ուսանողների Եվրոպական Միության հետ համատեղ: Սեմինարին մասնակցել են աշխարհի ավելի քան 15 երկրից ժամանած ուսանող-պատվիրակներ: 
Սեմինարի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության կառավարմանն ուսանողների մասնակցության հնարավորությունները, ներկայացվել են առկա հիմնական խնդիրները և խոչընդոտները, ինչպես նաև  լուծումների վերաբերյալ առաջարկներ: Սեմինարի ընթացքում  ներկայացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) բարձրագույն կրթության կառավարման գործընթացում ուսանողների մասնակցության վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև քննարկվել են համալսարանական կառավարմանն ուսանողների ինստիտուցիոնալ մասնակցության վերաբերյալ ազգային ռազմավարությունները:
Ամփոփելով երկօրյա սեմինարի աշխատանքները’ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ սա Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում չորրորդ միջոցառումն է: Նա  տեղեկացրել է, որ հուլիսի 3-10-ը անց է կացվել «Ուսանողների դերն ու ներգրավվածությունը Բոլոնիայի գործընթացում» թեմայով ուսանողական միջազգային ամառային դպրոցը, սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի խորհրդի հանդիպումը, որին մասնակցել են խորհրդի անդամ երկրների` Հայաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Դանիայի, Ռումինիայի բարձրագույն կրթության ոլորտի և խորհրդատու մարմինների` Եվրախորհրդի, Ուսանողների եվրոպական միության և Բարձրագույն կրթության հաստատությունների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչները, իսկ սեպտեմբերի 8-ին` «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» թեմայով միջազգային համաժողովը: Սեմինարի ավարտին Կ. Հարությունյանը շնորհակալություն է  հայտնել մասնակիցներին արդյունավետ աշխատանքի համար և  նշել, որ մեր երկրի համար Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը պարտավորեցնող և պատբվաբեր է եղել: Սեմինարը ՀՀ կողմից Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում նախատեսած համաեվրոպակամ եզրափակիչ միջոցառումն էր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։