Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի
2011-12-05
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակաբաշխությունը: Առաջին երեք տեղերը գրաված ուսանողներին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնել է պարգևներ, իսկ լավագույն մյուս մասնակիցներին` հավաստագրեր: Ողջունելով մասնակիցներին նախարարն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսագիտական կրթությունը բարեփոխումների կարիք ունի:
«Տնտեսագիտական նորարարական կադրերի հանդեպ պահանջարկը մեծ է, և այստեղ կրթության ոլորտը մասնավոր հատվածի ուշադրության անհրաժեշտություն ունի: «Բիզնես գրավչության իմ բանաձևը» խորագրով մրցույթը նպատակ ուներ հայտնաբերելու պրպտող, նորարար ուսանողների, ովքեր կարող են նոր գաղափարներ ներկայացնել»,- նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարը կարևորել է Finance.am պորտալի նախաձեռնությունը, նշելով, որ լավագույն ուսանողներին խրախուսելու քաղաքականություն պետք է շարունակվի, և նախարարությունը պատրաստակամ է աջակցելու նմանօրինակ բոլոր նախագծերին : «Նման մրցույթները ցույց են տալիս, որ շատ լավ ուսանողներ կան, պարզապես մենք նրանց երբեմն չենք փնտրում ու գտնում»,- կարծիք է հայտնել նախարարը:
«Բիզնես գրավչության իմ բանաձևը» մրցույթին ներկայացված 40 հայտերից ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ֆինանսների նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից և Կենտրոնական բանկից, խրախուսանքի է արժանացրել 7-ը: