Կրթության ոլորտում ներդրումների խթանումը` առաջնահերթություն
2011-12-03
ՀՀ կրթության և գիտության նախարարության և կրթության ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ավանդական համաժողովում ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, քննարկվել են կրթական ծրագրերին միջազգային և տեղական հասարակական կառույցների մասնակցության հնարավորությունները: Շեշտելով, որ միջոցառման նպատակը միջազգային գործընկերներին «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրով» ամրագրված գերակա ճյուղերը ներկայացնելն է, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է.
«Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր դոնոր կազմակերպություններն իմանան, թե որոնք են ՀՀ կառավարության գերակայությունները կրթության ոլորտում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող կրթական ծրագրեըը համապատասխանեն պետության կողմից տարվող քաղաքականությանը և նրանց կողմից համապատասխան ֆինանսական աջակցությունը լինի առավել նպատակային և մենք խուսափենք ծրագրային կրկնություններից»: Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նախարարությունը միջազգային կազմակերպություններից ակնկալում է ստանալ ոչ միայն ֆինանսական, այլև բովանդակային, մեթոդական աջակցություն, միջազգային լավագույն փորձի ներդրում և փոխանակում: «Կրթությունն այնպիսի ոլորտ է, որտեղ գումարները միշտ քիչ են և չեն բավարարում. միջազգային համագործակցության շնորհիվ մենք կարողանում ենք ոչ միայն պահպանել համակարգը, այլև զարգացման առավել նպաստավոր պայմաններ ստեղծել»,-նշել է նախարարը և հավելել, որ գալիք տարվա պետական բյուջեում կրթության զարգացման համար բավարար միջոցներ նախատեսված են: ՀՀ ԿԳ նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի «ՀՀ կրթության զարգացման պետական ծրագրի»առաջնահերթությունները համահունչ են միջազգային լավագույն փորձին: «Մենք կարևորում ենք ներդրումների խթանումը կրթության ոլորտում, ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ տեղական բիզնես կառույցների և հասարակական կազմակերպությունենրի կողմից»,- նշել է նախարարը: Համաժողովի ընթացքում ողջույնի խոսք են ասել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիա Լուկյանովան:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշել է, որ հայաստանյան դպրոցների բազմաթիվ խնդիրներ ընդհանրական են և բնորոշ են աշխարհի շատ այլ երկրների նույնպես: Նրա խոսքով` կրթության ոլորտում ներդրումները երկարաժամկետ ծրագիր են ենթադրում և արդյունքի հասնելու համար պետք է միասնական մոտեցում: Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ՀՀ կառավարության կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գերակայությունից բխող գործընթացների վերաբերյալ, առանձին անդրադարձ է եղել Բոլոնիայի գործընթացով պայմանավորված միջոցառումներին և եվրոպական ինտեգրմանը, դպրոցական սննդի և գյուղական դպրոցների ծրագրերին:
Ակնկալվում է, որ համաժողովի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում միջազգային և տեղական հասարարակական կազմակերպությունների համագործակցությունը նոր որակ կստանա, միաժամանակ հիմքեր ստեղծելով համատեղ ծրագրերի համար: