ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր բուհերի կայացումը
2011-11-30
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի հյուսիսային համալսարանի 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ողջունելով բուհի հոբելյանը` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հյուսիսային համալսարանը Հայաստանի մասնավոր կրթական համակարգում ունի իր ուրույն տեղը: Նախարար Ա.Աշոտյանը, կարևորելով մասնավոր կրթական համակարգի հզորացումն ու կայացումը, մասնավորապես նշել է.«ՀՀ կառավարությունը շահագրգիռ է, որ մասնավոր բուհերը, կայանալով բարձրագույն կրթության ծառայությունների շուկայում, դառնան լիիրավ խաղացողներ:
Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը միտված է պետական և ոչ պետական բուհերի տարանջատման վերացմանը: Այսօր արդեն մենք պետական և ոչ պետական բուհերի համար ապահովել ենք միասնական ընդունելության համակարգ: Բարեփոխումների արդյունքում պետական բուհերը զրկվել են նախկինում ունեցած մի շարք արտոնություններից և համաձայն կառավարության կողմից ընդունված հավատարմագրման նոր ընթացակարգի մասնավոր բուհերը նույնպես կարող են լիարժեք օգտվել պետական պատվերի հնարավորությունից, եթե սահմանված չափորոշիչներին համապատասխան անցնեն հավատարմագրում: Մենք կարևոր ենք համարում, որպեսզի թե Հյուսիսային համալսարանը, թե մյուս մասնավոր բուհերը մատուցեն բարձրորակ կրթական ծառայություններ»: Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը, որպես պետական կառավարման լիազոր մարմին շարունակելու է սատարել որակյալ կրթություն ապահովող բուհերին, անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից:
Միջոցառման ընթացքում Երևանի հյուսիսային համալսարանի ռեկտոր Բ. Մակիչյանը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին շնորհել է բուհի 15-ամյակի հուշամեդալ` համալսարանին ցույց տրվող մշտական աջակցության, բուհի զարգացմանը նպաստելու և վստահության համար: