Կարևորվել է համատեղ աշխատանքը` հօգուտ երեխաների

2011-11-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ( UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, ով վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում: Ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության և UNICEF-ի   համգործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձևավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ` հօգուտ Հայաստանի երեխաների: 

«Մենք կարևորում ենք նոր և ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաև երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության և գիտության նախարարության  գերակայությունն է»,- մասնավորապես նշել է նախարար Ա. Աշոտյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հ. Արենսին, նշելով, որ հաճույքով է աշխատանքի անցել  մեր երկրում, ընդգծել է, որ UNICEF-ի   համար կրթության ոլորտն  առանցքային է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել  Կրթության և գիտության նախարարության և  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող ծրագրերին, որոնցից կարևորվել է հատկապես համագործակցությունը ներառական կրթության ոլորտում: ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել, որ ներառական կրթության ոլորտում Հայաստանը համարվում է տարածաշրջանում առաջատարը,  և նշել, որ այս ուղղությամբ մշակվում են նոր ծրագրեր:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաև քննարկել նոր նախագծեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։