«Կրթություն» - 500

2011-11-28

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթություն» շաբաթաթերթի նոր տարեշրջանի 500-րդ հոբելյանական համարի լույսընծայման առթիվ «Գլաձոր» կառավարման համալսարանում կազմակերպված հանդիսությանը: Շնորհավորելով «Կրթություն» շաբաթաթերթի հոբելյանական թողարկումը` ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է, որ թերթը  իր շուրջն է համախմբել կրթության և գիտելիքի արժեքը գնահատող մտավորականների լայն շրջանակ:
«Կրթությունը» լինելով մասնագիտացված լրատվամիջոց` հասարակական արձագանքի միջոցով փորձում է ապահովել նախարարության գործունեության հանրային ընկալման բարձր աստիճանը»,- շնորհավորանքի խոսքում մասնավորապես նշել է նախարարը և հավելել, որ  թերթի խմագրակազմի կողմից մշակվել է զարգացման նոր  ծրագիր, որը բացի կրթության ոլորտի նկատմամբ  հանրային հետաքրքրությունը բավարարելուց, նաև կառաջադրի խնդիրներ, որոնք հիմնված կլինեն հանրային կարծիքի ուսումնասիրության վրա: Ա. Աշոտյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ընթերցողն ականատես կլինի որակական նոր մակարդակ ունեցող շաբաթաթերթի, որը կդառնա մասնագիտական կարծիքիները կիսելու լավագույն հարթակներից մեկը:
Հոբելյանական համարի լույսընծայման կապակցությամբ «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մինասյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: Միջոցառման ընթացքում խմբագրության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Հանդիսությանը մասնակցել են կրթության ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ և ուսանողներ: Հոբելյանի առիթով  շնորհավորանքի խոսք են ասել Հայաստանի գրողների միության նախագահ Լ. Անանյանը, Ժուռնալիստների միության նախագահ Ա. Գևորգյանը, հայտնի գրող Զորի Բալայանը և հանդիսավոր միջոցառման բազմաթիվ այլ մասնակիցներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։