Նոր կարգերը կթեթևացնեն սոցիալական բեռը և կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը
2011-11-17
ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի է ունեցել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը` ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նախարաըը նախ շնորհավորել է ուսանողներին իրենց տոնի կապակցությամբ, նշելով, որ բարձրագույն կրթության բարեփոխումների առանցքն ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա ստանալու որակյալ կրթական ծառայություն: Նախարարը ներկայացրել է կրթության և գիտության նախարարության կողմից մշակված մի քանի նոր կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ
բուհական կրթական համակարգում և նպատակ ունեն նպաստել կրթական գործընթացում ուսանողների իրավունքների պաշտպանության ընդլայնմանն ու բուհական համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:Հանգամանալի ներկայացնելով կատարված բազմաթիվ նորամուծությունները` Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը, որը Բոլոնիայի գործընթացի գերակա ուղղություններից մեկն է և նշանակում է ուսանողների ազատ տեղաշարժի հնարավորություն այն ակադեմիական տարածքում, որի մասն են կազմում ոչ միայն Հայաստանի, այլև Բոլոնիայի գործընթացի անդամ այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ըստ նախկինում գործող կարգի` ուսանողը մի բուհից մեկ այլ բուհ տեղափոխվելու համար պետք է թույլտվություն ստանար երկու ռեկտորներից, ինչը դժվարացնում էր տեղափոխման գործընթացն ու այդքանով սահմանափակում շարժունությունը` ստեղծելով հավելյալ կոռուպցիոն ռիսկեր: Նոր կարգով, թողարկող բուհի ռեկտորի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ >,- նշել է նախարարը, հավելով, որ նախարարությունն ուսանողներից ստացել է բազմաթիվ բողոքներ, որոնք վկայում են, որ ռեկտորները, որպես կանոն փորձում են խոչընդոտել իրենց բուհերից ուսանողների մեկ այլ բուհ տեղափոխումը: Նախարարի տեղեկցմամբ էական փոփոխություններ են կատարվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման` այսինքն պետական ավարտական քննություններին վերաբերող կարգում: Գործող կարգով պետական ավարտական քննությունները վերահանձնման և բողոքարկման ենթակա չէին: Ըստ Ա. Աշոտյանի` բուհերի պետական քննությունները կոռուպցիոն լուրջ ռիսկեր էին պարունակում և այդ առնչությամբ ևս նախարարությունը բազմաթիվ բողոքներ է ստացել: <Նոր կարգով պետական քննությունների ողջ ընթացքը հանձաժողովի կողմից ենթակա է ձայնագրման, որը կպահպանվի մեկ օր: Գլխավոր նորամուծությունը` պետական ավարտական քննությունները ենթակա են բողոքարկման` քննության հանձնման օրը: Բողոքարկումից հետո նոր քննություն չի կազմակերպվի, բողոքի ուսումնասիության հիմք կհանդիսանա ձայնագրությունը>,- նշել է նախարարը և հավելել, որ բողոքի ուսումնասիրման գործընթացում պարտադիր է լինելու ուսանողական խորհրդի և բուհի վարչակազմի ներկայցուցիչների ներկայությունը: Նոր կարգով նվազեցվել է նաև քննական հանձնաժողովի նախագահի ազդեցությունը գնահատականի ձևավորման վրա: <Հանձնաժողովի բոլոր անդամներն ուսանողի պատասխանից հետո կատարելու են գնահատում, որի հիման վրա էլ կկազմվի միջին գնահատականը: Մյուս գլխավոր փոփոխությունը` եթե նախկինում պետական ավարտական քննության ժամանակ անհաջողության մատնված ուսանողը կարող էր քննությունը վերահանձնել 3 տարվա ընթացքում, ապա այժմ ժամանակային սահմանափակումը հանվել է>,-ներկայացնելով բուհական համակարգում կրթական գործընթացի կազմակերպման առնչվող նորությունները շեշտել է նախարարը: <Ուսանողների հեռացման, ազատման կամ վերականգնման կարգով> սահմանվում են հետևյալ նորարարությունները` եթե նախկինում ուսանողը որևէ քննություն չհանձնելու պատճառով հեռացվում էր բուհից, ապա վերականգնվելու դեպքում ստիպված էր վճարել ուսումնական ողջ դասընթացի արժեքը: Նոր կարգով վերականգնված ուսանողը պետք է վճարի միայն այն առարկաների կրեդիտների արժեքը, որոնցից նա ձախողվել է: <Բուհերը պետք է հաշվարկեն յուրաքանչյուր դասընթացի կամ մեկ կրեդիտի արժեքը: Այս իրականում հեղափոխական նորամուծությունները նպատակ ունեն թեթևացնել ընտանիքների սոցիալական բեռը, և միաժամանակ սահմանում են բուհական վարձավճարների գնագոյացման առավել արդար սկզբունքներ>,- պարզաբանելով նշել է ԿԳ նախարարը: Մյուս նորությունը` եթե նախկինում ուսանողը <անբավարար> էր ստանում երեք ընթացիկ քննություններից, ապա հեռացվում էր բուհից: Վիճակագրական տվյալների համաձայն` այս տարբերակով բուհերից հեռացված ուսանողների 95 տոկոսն ավելի ուշ վերականգնվել է և շարունակել կրթությունը: <Եվ դուրս մնալը, և վերականգնվելը կոռուպցիոն ռիսկ էր պարունակում: Նոր կարգով ընթացիկ <անբավարար> առաջադիմությամբ ուսանողները, բացառությամբ պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքով սովորողների, իրավունք կունենան մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը ունենալ ակադեմիական պարտքեր` 12 կրեդիտի չափով: Այսինքն քննությունը չստանալու դեպքում, ուսանողը դուրս չի մնա, կտեղափոխվի հաջորդ կուրս` ունենլով պարտք, որը նա պետք է մարի ընթացիկ դասընթացներին զուգահեռ, մինչև ավարտական ուսումնական տարվա սկիզբը: Սա հնարավորություն կտա, որպեսզի ուսանողները չփորձեն ամեն կերպ քննություն ստանալ: Սրանով մենք փորձում ենք նվազեցնել և կանխել կոռուպցիոն դրսևորումները: Այս մեխանիզմը շրջադարձային է, և ամբողջությամբ բխում է Բոլոնիայի գործընթացի տրամաբանությունից, և միաժամանկ ուսանողակենտրոն մոտեցում է >,- կարծիք է հայտնել նախարարը:
Որոշակիորեն հստակեցվել են նաև բանակ զորակոչված ուսանողների հետագա կրթությունը շարունակելու խնդիրները. <Բանակ զորակոչված ուսանողի տեղը երաշխավորված է, վերադառնալուց հետո նա պետք է առանց խոչընդոտի շարունակի կրթական գործընթացն այն կետից, որից այն ընդհատվել է` անկախ ծրագրային տարբերություններից: Տարբերություններն ուսանողը կհանձնի ընթացիկ դասընթացներին զուգահեռ>,- շեշտել է Ա. Աշոտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ կարգերն արդեն հաստատված են և այժմ գտնվում են արդարադատության նախարարության կողմից պետական գրանցման փուլում: Դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո:
Նախարարը պատասխանել է նաև լրագրողների հարցերին: