Կրթական ցուցահանդես` «Կրթություն և կարիերա»

2011-11-15

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթություն և կարիերա expo 2011» տասներկուերորդ  միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` նախարարը նշել է, որ կրթական էքսպո-ցուցահանդեսի հիմնական նպատակն է  նպաստել կրթություն-բիզնես կապի ամրապնդմանը ու հանրության առավել լայն շերտերին ներկայացնել կրթական ոլորտում առաջարկվող ծառայությունները: «Ժամանակակից հայ երիտասարդի մոտ մենք պետք է ձևավորենք այնպիսի արժեհամակարգ, որի գլխավոր սկզբունքը հիմնված կլինի ոչ թե  կրթության կամ կարիերա երկընտրանքի, այլև առանց կրթության ոչ մի կարիերա գաղափարախոսության վրա: 
Առանց կրթության լավ կարիերա  ապահովելու հնարավորությունը ցանկացած   ասպարաեզում  պետք է բացառվի: Սա երիտասարդներին ուղղված շատ կարևոր ազդակ է, որպեսզի նրանք համոզված լինեն, որ անձնական բարեկեցության և հասարակական կայուն վերելքի միակ և բացառիկ գրավականը կրթությունն է»,- նշել է նախարարը:
«Կրթություն և կարիերա expo 2011» ցուցահանդեսում ներկայացվել են կրթական ոլորտի 60 առաջատար կազմակերպություններ, այդ թվում ավագ դպրոցներ, բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ,  միջազգային կրթական հաստատություններ, հրատարակչություններ, ինչպես նաև բիզնես-կառույցներ: ՀՀ Կրթության և գիտության նախարարը շրջել է ցուցահանդեսի  բոլոր տաղավարներում, զրուցել մասնակիցների ու այցելուների հետ: ՀՀ խոշոր ընկերություններից էքսպո-ցուցահանդեսին մասնակցել է նաև  ՎիվաՍել-ՄՏՍ-ը` ներկայացնելով ընկերության կարիերայի զարգացման ծրագիրը: ՀՀ կրթության և գիտության նախարար  Ա. Աշոտյանը բարձր է գնահատել ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը  կրթական ոլորտի հետ, նշելով, որ պետական կրթական քաղաքականության կարևոր խնդիրներից մեկը  գործարար համայնքի ներգրավումն է կրթության կազմակերպման ու կառավարման գործընթացում և այս առումով նախարարությունը բաց է ու պատրաստ համագործակցելու բոլոր խոշոր հարկատուների հետ:
Էքսպո ցուցահանդեսի նպատակն է՝ դպրոցականներին և ուսանողներին տրամադրել տեղեկություն ժամանակակից կրթության համակարգի վերաբերյալ, նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների կայացմանը, տեղեկացնել զբաղվածության շուկայում առավել պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին, հանդիպումներ կազմակերպել գործազուրկների և իրական գործատուների միջև, ծրագրում ներգրավելով պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններ:
 «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում բացված «Կրթություն և կարիերա expo 2011» տասներկուերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 17-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։