ՈՒսանողների շահերի պաշտպանությունը` ԿԳՆ գործունեության առանցքում

2011-11-15

ՀՀ կրթության և գիտության նախարարի 18.08.2010թ. 1309-Ա/Ք հրամանով կասեցվել էր Երևանի «Գալիք» համալսարանի արտադրական կոոպերատիվին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2000թ. օգոստոսի 24-ի 284-Մ հրամանով տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով գործունեության թիվ 003 լիցենզիայի գործողությունը: Համաձայն վերը նշված հրամանի «Գալիք» համալսարանը 2010 թվականի սեպտեմբեր ամսից պարտավոր էր ապահովել կասեցված մասնագիտությունների /«Իրավագիտություն» դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր` հեռակա ուսուցման ձևով, «Կառավարում» դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագիր`
 առկա ուսուցման ձևով, «Օտար լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագիր` առկա ուսուցման ձևով/ ուսանողների իրազեկումը և փաստաթղթերի տրամադրումը այլ ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու նպատակով: «Գալիք» համալսարանը ոչ միայն չի ապահովել նախարարի համապատասխան հրամանի կատարումը, այլև  կասեցված մասնագիտությունների գծով կազմակերպել է անօրինական կրթական գործընթաց` ոտնահարելով ուսանողների իրավունքները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են ուսանողների շահերի պաշտպանությանը և ուսանողի կրթության իրավունքի իրացմանը` տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը պատրաստակամ է.
աջակցել տվյալ ուսանողներին շարունակել իրենց կրթությունը Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ մասնագիտությամբ համապատասխան կուրսերում,
առարկաների տարբերության պարագայում հնարավորություն տալ այդ ուսանողների քննությունները հանձնել անհատական մշակված ժամանակացույցով մինչ ուսումնական կիսամյակի ավարտը,
 քննարկել ընդունող ուսումնական հաստատությունների հետ տվյալ ուսանողների ուսման վարձի որոշակի զեղչեր կիրառելու հնարավորությունները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այսուհետ ևս շարունակելու է վերահսկողությունը կրթության որակի ապահովման նկատմամբ և այդ գործընթացում առաջնային է դիտարկվելու յուրաքանչյուր ուսանողի իրավունքը

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։