Կարողությունների ցուցահանդես` «Ես կարող եմ աշխատել»

2011-11-10

Երիտասարդական համահայկական հիմնադրամում այսօր մեկնարկել է «Ես կարող եմ աշխատել» խորագրով օլիմպիադա-մասնագիտական կարողությունների ցուցադրություն ծրագիրը՝ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների և հանրապետության սպասարկման ոլորտի առաջատար գործատուների մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Կառավարության ղեկավարն ու նախարարը շրջել են ցուցահանդեսում, ծանոթացել  նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների  ներկայացրած գործնական աշխատանքներին և ուսանողների մասնագիտական կարողություններին:Կարողությունների ցուցահանդես–օլիմպիադայում իրենց հմտություններով  մրցել են «խոհարար», «հյուսն, ատաղձագործ», և «դերձակ-մոդելավորող» որակավորմամբ երեք թիմեր, իսկ մասնագիտական կարողությունների ցուցադրությունն անցկացվել է «փայտի գեղարվեստական փորագրող», «հասարակական սնունդ», «գորգագործ», «քարի գեղարվեստական փորագրող», «խեցեգործական գեղարվեստական իրեր պատրաստող», «մանրանկարիչ», «գեղանկարչություն», «դարբին դրոշմող» և այլ որակավորում ստացած ուսանողների կողմից:
ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած միջոցառմանն ընդհանուր առմամբ մասնակցել են  մայրաքաղաքի և մարզերի 90 ուսանողներ՝ նախնական և միջին մասնագիտական կրթություն իրականացնող 21  հաստատություններից:
Միջոցոռումն եզրափակվելու է ժամը 19-օօ-ին: Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության ուսուցման դերի բարձրացմանը և խթանել սոցիալական գործընկերության ամրապնդմանը: Մասնագիտական ուսուցման և զարգացման ազգային կենտրոնի  (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Մարինե  Հակոբյանը ներկայացնելով միջոցառման նպատակը, նշել է, որ մրցանակներ են նախատեսված օլիմպիադայի հաղթողների համար: «Այս միջոցառումը բացառիկ է նրանով, որ ողջ ընթացքում ուսանողներն աշխատելու են: Ուսանողներն ապացուցելու են, որ իրենք սովորել են և կարող են աշխատել: Սա նաև քարոզչական ակցիա է, որը նպատակ ունի փաստելու, որ, բացի բուհական մասնագիտական կրթությունից կա նաև միջին մասնագիտական կրթություն, որն ավելի մատչելի է, արդյունավետ և աշխատաշուկայում մրցունակ»,- նշել է Մ. Հակոբյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։