Կրթության և գիտության նախարարությունը բարձր է գնահատում ԶԼՄ-ների դերը

2011-11-07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է նոյեմբերի 4-6-ը Աղվերանում ԶԼՄ ներկայացուցիչների համար ԿԳՆ-ի կողմից կազմակերպված «Հրապարակայնությունը և հաշվետվողականությունը Բոլոնիայի գործընթացի կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինար-քննարկմանը: Կարևորելով զանգվածային լրատվամիջոցների դերը հանրային կարծիքի ձևավորման գործընթացում` նախարաը բացման խոսքում նշել է . «Լրատվամիջոցները մեր նյարդային համակարգն են և առանց ԶԼՄ-ների մասնակցության մեր աշխատանքը թերի կլիներ, որովհետև  հանրային ազդակները հիմնականում ստանում ենք նրանց փոխանցմամբ:

 Մենք շարունակելու ենք աշխատել բաց ու թափանցիկ: Ես հուսով եմ, որ սեմինարը, սիրելի լրագրողներ, կնպաստի, որ դուք այսուհետ ավելի վստահորեն քննադատեք կամ դրվատեք կրթության ոլորտում կատարված աշխատանքները»: Նախարարը նաև նշել է, որ համաձայն վերջերս հրապարկված ՄԱԿ մարդկային ռեսուրսների զարգացման զեկույցի UNDP-ի մարդկային զարգացման ինդեքսով Հայաստանը կրթության  զարգացման մակարդակով 56-րդն է աշխարհում: Ընդ որում, մեր երկիրն ընդհանուր զարգացածությամբ գրավում է  86-րդ տեղը, այսինքն  կրթության մակարդակաը այլ ոլորտների համեմատությամբ 30 կետով առաջ է:   «Մենք մի փոքր զիջում ենք Վրաստանին, սակայն, առաջ ենք տարածաշրջանի մյուս բոլոր երկրներից: Վերոնշյալ ցուցանիշները վկայում են, որ միջազգային կառույցները Հայաստանում կրթության ոլորտի բարելավում են գրանցել, նշանակում է, որ  մենք  ճիշտ ուղու վրա ենք»,-նշել է նախարարը:
Եռօրյա սեմինարի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչների համար զեկույցներ են ներկայացրել կրթության և գիտության նախարարության ստորաբաժանումների և առանձնացված կառույցների պատասխանատուները: Սեմինարի ձևաչափով պայմանավորված յուրաքանչյուր զեկույցից հետո լրագրողները հարցեր են ուղղել բանախոսներին և կարծիքներ հայտնել: Գրեթե բոլոր հարցերի շուրջ ծավալվել է աշխույժ և շահագրգիռ քննարկում: Ներկայացված զեկույցները վերաբերել են հանրակրթության բարեփոխումներին, տնօրենների և ուսուցիչների ընտրության նոր կարգերին, բուհական բարեփոխումներին և Բոլոնիայի գործընթացին, միջին մասնագիտական ոլորտի զարգացման միտումներին, «Կրթության որակ և համապատասխանություն վարկային ծրագրին», սփյուռքահայ գաղթօջախների համար իրականացվող  կրթական ծրագրերին, միջազգային համագործակցությանը և կրթական այլ խնդիրների:
ՀՀ կրթության և գիտության նախարարության  հակակոռուպցիոն  ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ներկայացրել է նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը չի կարող լիարժեք լինել, եթե այդ հարցում հասարակությունը պետությանը չաջակցի: Դպրոցական դրամահավաքների առնչությամբ նախարաը նշել է, որ այդ գործընթացը կարող է կազմակերպվել միմիայն ծնողական կոմիտեի  ցանկությամբ` գումարը փոխանցելով դպրոցի հաշվեհամարին: Ինչ վերաբերում է բուհական համակարգին, ապա այստեղ շահառուները, այսինքն, ուսանողները իրենք պետք է շահագրգիռ լինեն գիտելիք ստանալու հարցում: Մինչդեռ նախարարը վկայակոչել է միջազգային կազմակերպությունների կատարած սոցհարցումները, որոնք ցույց են տալիս,  որ հասարակության 40 տոկոսը նորմալ է համարում բուհ ընդունվելու զարտուղի ճանապարհնեը, ինչը շատ լուրջ հիմնախնդիր է: «Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, հասարակությունը և, մասնավորապես, դուք, հարգելի լրագրողներ, սոսկ հանդիսատես պետք է չլինեք, դուք ևս գործընթացի կարևոր և լուրջ մասնակիցներն եք»,-շեշտել է նախարարը:
Սեմինար -քննարկման ընթացքում իրենց գործունեության և առաջիկա անելիքների մասին զեկույցներ են ներկայացրել նաև Գիտության պետական կոմետեի նախագահ Ս. Հարությունյանը, ԲՈՀ-ի նախագահ Ա. Ղուկասյանը, Լեզվի տեսչության պետ Ս. Երիցյանը:

Սեմինար-քննարկման նպատակը հրապարակայնության սկզբունքի կարևորումն է, և կրթության ոլորտը լուսաբանող լրագրողների համար մասնագիտական տեղեկատվության և գիտելիքների ապահովումը: Միջոցառմանը մասնակցել են հանրապետության մոտ երեք տասնյակ ԶԼՄ-մերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ա. Բախշյանը: Սեմինարի շրջանակում կազմակերպված քննարկումները ակտիվորեն լուսաբանվել են էլեկտրոնային  և տպագիր լրատվամիջոցներում:   

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։