Գիտական հրատարակություններին ներկայացվող պահանջները կխստացվեն
2011-10-31
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանը լրագրողներին ներկայացրել է ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդների կազմավորման կարգը և գիտական պարբերականներին ներկայացվող նոր պահանջները:
Արտուշ Ղուկասյանը նշել է, որ վերջին ամիսներին ԲՈՀ-ի գործունեությունը եղել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Անդրադառնալով կատարված աշխատանքներին` Արտուշ Ղուկասյանը նշել է, որ 2011-ին տեղի է ունեցել մասնագիտական խորհուրդների խոշորոցում: Այսպես ՝ 2010-ի 62-ի փոխարեն ընթացիկ տարում ստեղծվել և գործում են 49 մասնագիտական խորհուրդներ, որնցից երկուսի` իրավագիտության մասնագիտական խորհրդի և բժշկական համալսարանում գործող վիրաբուժության խորհրդի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
2011թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ԲՈՀ-ի կողմից գիտական աստիճանի վկայագիր է տրվել 454 հայցորդների, որից 38-ը՝ գիտությունների դոկտորի, իսկ 416-ը` գիտությունների թեկնածուի գիտական աստիճանների: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գիտական աստճան ստացողների թիվը 12-ով նվազել է, ինչն ըստ ԲՈՀ-ի ղեկավարի էական փոփոխություն չէ: Ներկայացնելով վիճակագրությունն ըստ ոլորտների` Ա. Ղուկասյանը մասնավորապես նշել է . «Ըստ ճյուղերի առաջատարը տնտեսագիտությունն է: Տասը ամիսների ընթացքում տնտեսագիտությունից պաշտպանվել է 85 թեկնածուական ատենախոսություն: Նույն ոլորտից սակայն ոչ մի դոկտորական աշխատանք չի ներկայացվել, ինչը մտահոգիչ ցուցանիշ է: Այս առումով արդյունավետ են ֆիզիկամաթեմատիկական բնագավառի ցուցանիշները` 60 որակավորման գործերից տասը գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար է եղել»:
Ամենակարևոր ձեռքբերումը ԲՈՀ-ի նախագահի դիտարկմամբ մասնագիտական խորհուրդների ինտերնետային կայքերի ստեղծումն է եղել, որտեղ զետեղվում են պաշտպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը և ատենախոսության սեղմագրերը, որով ապահովվում է լիարժեք հրապարակայնություն: 2011 թվականի տասը ամիսներին շնորհվել է 259 գիտական կոչում, այդ թվում` 51 պրոֆեսորի և 208 դոցենտի: Նույն ժամանակահատվածում համապատասխանեցում է կատարվել օտարերկրյա պետություններում գիտական աստիճան ստացած 17 քաղաքացիների, որոնցից 15-ը՝ ՌԴ-ից, մեկը`՝ Շվեդիայից ևս մեկը՝ Լեհաստանից: Արտերկրում պաշտպանածների ցուցանիշը այս տարի նվազել է ` 2010-ին այդ ցուցանիշը 26 է եղել:
Ա. Ղուկասյանը տեղեկացրել է , որ ԲՈՀ-ի կողմից 39 աշխատանք բեկանվել է և ուղարկվել կրկնակի քննարկման: Դրանցից 4-ը եղել են դոկտորական, 35-ը` թեկնածուական աշխատանքներ: «Բեկանվում են այն աշխատանքները, որոնք չեն համապատասխանում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի այս կամ այն կետին: Նման աշխատանքները կարող են նորից ներկայացվել` թերություններն ու դիտողությունները շտկելուց հետո »,- պարզաբանելով նշել է ԲՈՀ-ի նախագահը:
Անդրադառնալով գիտական հոդվածների հրապարակման խնդրին` Ա. Ղուկասյանը տեղեկացրել է , որ 2012 թվականի հունվարից ԲՈՀ-ը կկիրառի գիտական հրատարակություններին ներկայացվող նոր` խիստ և հստակ պահանջներ: «Գիտական պարբերականները այսուհետ պետք է հրատարակվեն միայն գիտական կենտրոնների և կազմակերպությունների գիտական խորհուրդների որոշմամբ և երեշխավորությամբ: Սա կարևոր սահմանափակում է: Համոզված եմ, որ դրա արդյունքում գիտական պարբերականների թիվը որոշակիորեն կնվազի »,- նշել է Ա. Ղուկասյանը և հավելել, որ պարբերականի խմագրական խորհրդում պետք է ներառված լինեն գիտական կոչում ունեցողներ:
Ա. Ղուկասյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:












