Հուշագիր` միտված աշակերտի նախաձեռնողականությանը

2011-11-01

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` ուսուցիչների վերապատրաստման, ուղեցույցների և մեթոդական ձեռնարկների մշակման, դպրոցական և զանգվածային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Ողջունելով նախաձեռնությունը` ՀՀ կրթության և գիտության նախարարը հուշագրի շրջանակում կարևորել է հատկապես  դպրոցական ծրագրում  տնտեսագիտական և ձեռներեցության հմտությունների ներգրավումը:
«Տնտեսագիտություն»առարկան պարտադիր չի լինելու, այն ներառվելու է լրացուցիչ կրթական ծրագրերում, որն իրականացվելու է մանկավարժության նորարական մեթոդներով: Նախարարը մասնավորապես նշել է. «Աշխարհում, որն այսօր ունի իր կանոնները, հաջողակ է համարվում նորարար և ստեղծագործ մարդը: Մենք, որպես կրթության լիազոր մարմին կարևորում ենք աշակերտների նախաձեռնողականությունը: Այդ իմաստով դպրոցներում երեխաներին ձեռներեցության մասին տարրական գիտելիքներ տալը ժամանակի պահանջ է: Միայն պետության ջանքերը բավարար չեն լրացուցիչ կրթության այժմյան պահանջարկը բավարարելու համար: Փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողված են կրթական այն նախաձեռնությունները, որոնք իրականցվում են հասարակական կառույցների հետ համատեղ»: Նախարարը նշել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպությունը համատեղ աշխատանքի արդյունավետ փորձ ունեն: Համագործակցության արդյունքում կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում, հանրակրթական պետական ծրագրերում  ներմուծվել են  «Կիրառական տնտեսագիտություն», «Մարդու իրավունքներ»,«Քաղաքացիական կրթություն», «Պետություն և իրավունք» առարկաները, որոնք միավորվելով 2010 թվականից ներառվել են «Հասարակագիտություն»ինտեգրված առարկայի ծրագրում: «Հայաստանի պատանեկան նվաճումներ»կազմակերպության գործադիր տնօրեն Ա. Հովհաննիսյանը ՀՀ ԿԳ նախարարության հետ աշխատանքը գնահատել է հաջողված և շնորհակալություն  հայտնել համագործակցությունը ամրապնդելու համար: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չիմա Ջեթինդերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։