<<ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ>> ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏ
2011-10-26
ՆԱԽԱԳԻԾ
1.Հիմնադրել <<Ուսուցման ազգային հիմնադրամ>> (այսուհետ` Հիմնադրամ):
2.Հաստատել Հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3.Սահմանել, որ Հիմնադրամի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
4.Հիմնադրամի աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների հատկացման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 22000.0 հազար դրամ, որից 2020.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով և 19980.0 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով Հիմնադրամին տրամադրելու համար:
5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
6.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով նշված գումարը Հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
7.Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` նշանակել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
8.Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1)սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2)եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը:
9.Սահմանել, որ սույն որոշմամբ ստեղծվող Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
10.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












