Կրթության առանձնահատուկ պայմաններին վերաբերող հարցերը` կոլեգիայի նիստում

2011-10-21

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր հրավիրվել է ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվել և հավանություն է տրվել օրակարգային հիմնական հարցին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին առաջարկը: 
Հարցի մասին զեկուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը: Կոլեգիայի նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում կարևորվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությունը սովորական հանրակրթական դպրոցներում կազմակերպելու խնդիրը: Կոլեգիայի անդամներն ընդգծել են, որ վերջերս հաստատված հանրակրթության չափորոշիչը այդպիսի հնարավորություն ընձեռում է: Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը սահմանափակ կարողությամբ երեխաներին հասարակական կյանքում լիարժեք ներգրավելու և նրանց հասարակության լիարժեք անդամ զգալու հնարավորության ընձեռումն է:
Հաշվի առնելով քննարկման  ընթացքում ներկայացված դիտողություններն ու առաջարկները`  օրենսդրական փոփոխությունը կլրամշակվի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից սահմանված կարգով կներկայացնի կառավարության հաստատմանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։