Համակարգի կարողությունների գնահատում

2011-10-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում  ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևայի և միջազգային փորձագիտական  խմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում» ծրագրի ընթացքը, որն իրականցվում է կրթության և գիտության նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNESCO) համագործակցությամբ:
Կարևորելով մեկ տարի առաջ մեկնարկած համատեղ ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է. «Կրթության ոլորտի կարողությունների և հմտությունների զարգացումն առաջնահերթ խնդիր է: Գլխավոր նպատակը կրթության ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացումն է»: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին՝ հետազոտական աշխատանքի համար և շեշտել, որ ՄԱԿ-ը եղել և մնում է Հայաստանի կրթական բարեփոխումների հիմնական գործընկերներից մեկը: 
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ներկայացնելով «ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի կարողությունների գնահատում»  ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը, նշել է, որ արդեն ավարտվել է առկա վիճակի հետազոտությունն ու վերլուծությունը: Այժմ միջազգային փորձագետները ԿԳՆ աշխատակազմի հետ համատեղ աշխատում են առաջարկությունների ու դրանից բխող գործողությունների պլանի մշակման ուղղությամբ: Վերջնական մշակումից հետո ծրագիրը կհրապարակվի: Դաֆինա Գերչևան շեշտել է, որ ՄԱԿ-ը կարևորում է կրթության դերը հանրային կյանքում և պատրաստակամություն արտահայտել շարունակել համագործակցությունը  ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ:







Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։