Շինարարական բուհերը’ բիզնես-կրթություն կապի առաջատար

2011-10-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ երկրների և Չինաստանի շինարարական բուհերի ռեկտորներրին: Ողջունելով հյուրերին’ ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորել է միջբուհական համագործակցությունն ու միջազգայնացման գործընթացը բուհական համակարգում:
Ներկայացնելով ՀՀ բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումները’ նախարարը նշել է, որ գլխավոր խնդիրը բուհերի և աշխատաշուկայի կապի ամրապնդումն է: «Այս առումով առաջնային անելիք ունեն տեխնիկական բուհերը, հատկապես ճարտարապետական և շինարարական մասնագիտություններ ունեցողները: Նրանք պետք է կարողանան համագործակցել բիզնես կառույցների հետ’ նրանց մատակարարելով որակյալ կադրեր»,- նշել է նախարարը, հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը կարող է նպաստել տնտեսության զարգացման համաշխարհային միտումներին համաքայլ շարժվելու առումով: Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բուհական համակարգի բարեփոխումների համատեքստում, Հայաստանի Հանրապետությունում առաջնային է դիտվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական անկախության մեծացումը:
«Շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի» անդամ բուհերի ղեկավարները կարևորել են ուսանողների փոխանակման և մասնագիտական որակավորման ընդհանրական չափորոշիչներ սահմանելու խնդիրը, նշելով, որ հայ մասնագետները շինարարության և ճարատարապետության ոլորտներում հայտնի են  մրցունակ և դրական արդյունքներով: Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարական բուհերի համար ընդհանրական մի շարք խնդիրներ:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։