ԿԳ նախարարը Վայոց ձորի մարզում բացել է նախակրթարաններ և քոլեջ

2011-10-14

ՀՀ  կրթության և գիտության  նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է  Վայոց Ձորի մարզ: Ելփին և Չիվա գյուղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են  Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում: Նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Դրանք նորոգվել են, կահավորվել՝ անհարաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ   պարագաներով: Նախկինում երբևէ մանկապարտեզներ չունեցած  Ելփին և  Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում:
 Նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով և շեշտել, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա:
Նախարարը շրջել է նաև դպրոցներում, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, կրթական ծրագրերին, դպրոցների տեխնիկական հագեցվածության բարելավմանը և կրթական ոլորտին առնչվող այլ հարցերի: Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում ՀՀ  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն  աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:   
Նույն օրը Եղեգնաձորում նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Շնորհավորելով ուսանողներին և մարզի բնակիչներին՝ նախարարն ընդգծել է. «Վայոց ձորում ունենք նոր որակի միջին մասնագիտական կրթական հաստատություն, որտեղ հնարավոր է ստանալ ժամանակակից և որակյալ կրթություն, որի շնորհիվ այսօրվա ուսանողը կկարողանա աշխատաշուկայում գտնել իր տեղը: Մասնագիտական կրթության ոլորտը մենք դիտարկում ենք երիտասարդության զբաղվածությունն ապահովելու իրատեսական և առաջնային ճանապարհ»: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ համագործակցության և միջին մասնագիտական կրթության  համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: Քոլեջի բացմանը  ներկա է եղել նաև  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Դեսպանը ՀՀ  կրթության և գիտության  նախարարության հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են  արդյունավետ:
 Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմումը ուսանողների համար տոնի է վերածվել, նրանք խանդավառությամբ շուրջպար են բռնել, որին միացել է նաև կրթության և գիտության  նախարարը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։