Կրթության որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին

2011-10-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է բուհերում հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի իրականացման մեխանիզմերին նվիրված եռօրյա աշխատաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է. «Վերջին երկու տարիներին կյանքի է կոչվել կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ռազմավարության նոր ծրագիրը, որի ընթացքին հետևելու և գնահատելու հնարավորություն ունի նաև հասարակությունը:
Կառավարության գործունեության գնահատման նպատակով իրականացված սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասաիրությունները ցույց են տվել, որ կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումները որոշակի դրական տեղաշարժեր ապահովել են: Միաժամանակ ակնհայտ է, որ ոչ մի կառավարություն և նախարարություն չի կարող կոռուպցիան արմատախիլ անել, եթե դրանում կրթական գործընթացի մյուս մասնակիցները, հատկապես բուհական համակարգում,  շահագրգիռ չեն: Բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների իրականացմամբ մենք նպատակ ենք դնում ստեղծել այնպիսի մեխանիզմ, որ ուսանողն ինքը հրաժարվի արատավոր հարաբերություններից: Այսօր կոռուպցիայի գաղափարաբանական պատճառներից մեկն այն է, որ  ուսանողի համար գիտելիքը դեռևս ապագա բարեկեցության երաշխիք չէ: Հասարակական հարաբերություններում գիտելիքով զինված անհատ լինելը, դեռևս հաջողակ և լավ վարձատրվող մասնագետ լինել չի նշանակում: Գիտելիքի նկատմամբ իրական պահանջ մեր տնտեսության մեջ դեռ չի ձևավորվել, բայց այդ միտումն արդեն կա: Եթե գիտելիքի պահանջարկը մեծանա, ուսանողների մոտ կրթության հանդեպ ձևական մոտեցումը կնվազի և սովորելու նկատմամբ կձևավորվի իրական պահանջարկ»: ՀՀ  կրթության և գիտության նախարարը նշել է, որ  հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում, բոլոր բուհերը պարտավոր էին մշակել հակակոռուպցիոն ծրագրեր: Նախարարի գնահատմամբ հակակոռուպցիոն ծրագրի իրականցումը որոշ բուհերում ձևական բնույթ է կրել: Հակակոռուպցիոն ծրագրի արդյունավետությունը, ինչպես շեշտել է նախարար Ա. Աշոտյանը, բուհերին պետական ֆինանսներ հատկացնելու հարցում, դիտվելու է կարևոր հանգամանք: Այս առնչությամբ նախարաըը մասնավորապես նշել է. «Հաջորդ տարվանից ներդրվելու է  ֆինանսավորման նոր համակարգ: Այն բուհերը, որոնք չեն ապահովի կրթության որակ, իսկ որակը հակադարձ համեմատական է կոռուպցիոն դրսևորումներին, պետության կողմից պատվերներ չեն ստանա»: Դիմելով քննարկմանը ներկա ուսանողական միությունների ներկայացուցիչներին՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ կրթության և գիտության նախարարությունը Բոլոնիայի գործընթացի շրջանակում հանդես կգա ուսանողների շահերի պաշտպանությանն ուղղված երկու կարևոր նախաձեռնությամբ, և հավելել. «Քննություն ստանալ-չստանալը ուսանողի համար չպետք է ճակատագրական լինի: Եթե ուսանողությունը շահագրգիռ լինի, որ կոռուպցիան վերանա, վստահաբար շատ ավելի պահանջկոտ կլինի և բուհի ղեկավարության, և նախարարության նկատմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում ուսանողները պետք է մեր լավագույն գործընկերները լինեն»:
Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրերի աշխատաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանայան գրասենյակի աջակցությամբ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։