Հոկտեմբերին կբացվեն ժամանակակից 4 քոլեջներ
2011-10-03
Անդրադառնալով բարեփոխումների բովանդակային բաղադրիչին՝ նախարարը նշել է. <Լուրջ ուշադրություն է դարձվել միջին մասնագիտական կրթության բովանդակության թարմացմանը: Միայն այս տարի մշակվել են 20 առարկայական նոր չափորոշիչներ: Իրականցվել է ոլորտում դասավանդող դասախոսների և մանկավարժական կադրերի վերապատրաստում: Հիմնական խնդիրը հմուտ աշխատուժի մատակարարմամբ աշխատաշուկայի պահանջների սպասարկումն է, որը կարող է անմիջականորեն օգտակար լինել նաև տվյալ մարզի տնտեսության զարգացմանը>: Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթության համակարգն անտեսված է եղել, և հանրության կողմից ավելի մեծ պահանջարկ է ունեցել բուհական կրթությունը: Վիճակագրական տվյալներով Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող երեք ուսանողին բաժին է ընկնում մեկ միջին մասնագիտական կրթական հաստատության ուսանող, մինչդեռ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այդ հարաբերակցությունը ճիշտ հակառակն է: Նախարարը շեշտել է, որ վերջին տարիներին հանրային հետաքրքրությունը ՄԿՈՒ ոլորտի նկատմամբ մեծացել է, ինչին որոշակիորեն նպաստել են նաև վերոնշյալ ծրագրերը:
Շեշտելով, որ Եվրոպական Միությունը վերջին 8 տարիներին ակտիվորեն աջակցել է Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումներին` հիմնական թիրախ ընտրելով մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ աշխատանքը գնահատել է կարևոր ձեռքբերում և նշել. < Համատեղ աշխատանքի շնորհիվ հասել ենք շատ լուրջ արդյունքների, մեզ հաջողվել է մարզերում ձևավորել մասնագիտական կրթության ժամանակակից կենտրոններ: Մեր վերջնական նպատակը Հայաստանում որակյալ միջին մասնագիտական կրթության համակարգ ձևավորելն է >:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտի մրցունակությանը, լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացմանը և բարեփոխումների շարունակականության ապահովմանը:












