Նախակրթարանների ստեղծումը` սոցիալական կարևորության ծրագիր
2011-10-03
Ներկայացնելով ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:
Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:












