ՀՀ ԿԳ նախարարը կմեկնի մարզեր

2011-09-30

«Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում 2010 թվականից իրականացվում են նախադպրոցական կրթության միկրոծրագրեր: 2010 թվականին Արարատի մարզի` 22 և Արագածոտնի մարզի 19 համայնքներում հիմնվել են նախակրթարաններ: Դրանք վերանորոգվել են, կահավորվել են համապատասխան գույքով և սարքավորումներով, համալրվել են ուսումնամեթոդական գրականությամբ, խաղալիքներով և այլ դիտակտիկ ուսումնական նյութերով: Նորաբաց նախակրթարանների դաստիարակները վերապատրաստվել են:

Նույն ծրագրով 2011 թվականի հուլիսից նախակրթարաններ են հիմնվել նաև Արմավիրի մարզի` 23, Վայոց Ձորի մարզի` 22,  Գեղարքունիքի մարզի` 21 և Սյունիքի մարզի 18 համայքներում: Նշված համայքների նախակրթարանների բարեկարգման և կահավորման աշխատանքներն արդեն ավարտվել են և նախակրթարանները  պատրաստ են գործարկման; Միաժամանակ մեկնարկել է դաստիարակների վերապատրաստման գործընթացը: Վերոնշյալ մարզերում կատարված աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով հոկտեմբերի 1-ին  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Արարատի և Վայոց ձորի մարզեր: Արարատի մարզում Ա. Աշոտյանը կայցելի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում 2010 թվականին բացված  «Պստիկաշեն» նախակրթարան, որը վերանորոգվել է, կահավորվել համապատասխան գույքով: Այստեղ 5-6 տարեկան երեխաների  նախադպրոցական կրթությունը կազմակերպելու համար ստեղծվել են անհրաժեշտ  բոլոր պայմանները:
Նույն օրը նախարար Արմեն Աշոտյանը կմասնակցի Վայոց Ձորի մարզի  Մարտիրոս և Արենի գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացմանը:  Այդ նախակրթարանները նույնպես նորոգվել են և համալրվել անհրաժեշտ կահույքով և գույքով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։