Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաք

2011-09-29

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար պրոֆեսոր տիկին Բարբարա Կուդրիցկայի հրավերով սեպտեմբերի 28-ին Բիալիստոկ քաղաքում մասնակցել է Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների նախարարների հավաքին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ավստրիայի, Չեխիայի, Լիտվայի, Լատվայի, Նիդերլանդների, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների կրթության ոլորտի պատասխանատուներ:
Հավաքի ընթացքում քննարկվել են Եվրոպական ակադեմիական շարժունակության ծրագրերի, մասնավորապես «էռազմուս Մունդուս» նախագծի ընդլայնմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարևորել է եվրոպական կրթական ծրագրերի շարունակումը  նաև Եվրամիության շրջանակից դուրս, և նշել, որ անհրաժեշտ է մշակել նոր պլատֆորմ` Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների երկխոսությունը զարգացնելու և ամրպնդելու նպատակով: Նախարար Ա. Աշոտյանը, անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես նշել է. «Կրթական գործընթացը ոչ միայն գիտելիքի և մտածողության, այլ նաև կայուն արժեքների  ձևավորման և փոխանցման համակարգ է: Հայաստանի Հանրապետության կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է, որպես գերակա առաջնահերթություն»:
Քննարկումների ընթացքում մասնավորապես կարևորվել է Եվրամիության աջակցությամբ «էռազմուս Մունդուս» ծրագրի 2-րդ փուլի  իրականացումը: «էռազմուս Մունդուս»  ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, հետազոտողներին և երիտասարդ գիտնականներին օգտվել համագործակցող երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու և հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություններից:
 2014-20 թվականների աջակցության  ծրագրով կստեղծվեն բոլոր հնարավորությունները` ապահովելու Արևելյան համագործակցության երկրների  ուսանողների լիարժեք մասնակցությունը վերոնշյալ նախագծին: Քննարկման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել  Եվրամիության և Արևելյան համագործակցության երկրների շարժունության և համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարար Բարբարա Կուդրիցկայի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։