ՀՀ կրթության և գիտության նախարարությունը` տարվա ամենահրապարակային կառույց

2011-09-28

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ճանաչվել է 2011 թվականի ամենահրապարակային պետական կառույցը և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»կողմից կազմակերպված ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ստացել հեղինակավոր «Ոսկե բանալի»մրցանակը:  Միջազգային մի շարք կազմակերպությունների և «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը  մրցանակը շնորհել է` հաշվի առնելով ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին օրենքի»պահանջների կատարումը:
Բաց և թափանցիկ կառույցի մրցանակը, Ինֆորմացիայի ազատության միջազգային օրվա առիթով, շնորհվել է այսօր: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության և իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական կառույցների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
Վարչապետը կառավարության անունից շնորհավորել է բոլորին՝ տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ և հավաստիացրել, որ տեղեկատվության ազատության և հասանելիության ապահովումը մշտապես գտնվելու է գործադիրի ուշադրության կենտրոնում: Վարչապետը մասնավորապես նշել է . «Հայաստանում գործող «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն»արդեն 10 տարի է աշխատում է հանրության մեջ տեղեկատվության ազատության արժեքի տարածմանը նպաստելու համար: Կենտրոնը մշտապես փորձարկում է մեր զգոնությունը, ստուգում, թե որքանով են պետական գերատեսչությունները պարտաճանաչ իրենց լիազորություններն իրականացնելիս, որքանով են գործում թափանցիկ: Կառավարությունն այս աշխատանքը բարձր է գնահատում, քանի որ այն նպաստում է նաև պետական և մասնավոր մարմիններում տեղեկատվության հասանելիության ապահովման խնդրի լուծմանը: Այս առումով, առաջին հերթին կարևոր է, թե որքանով է արժանահավատ հանրությանը տրամադրվող տեղեկատվությունը: Վերջին տարիներին մենք էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից հանրությանը տեղեկատվության տրամադրման գործում»:
Վարչապետը նշել է, որ «Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքն» ընկալվում են որպես համագործակցության հրաշալի հնարավորություն, ինչը խթանում է պետական կառավարման մարմինների արդյունավետությունն ու թափանցիկությունը:
 ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե բանալին»հանձնվել է նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանին: Շնորհակալություն հայտնելով  մրցանակի համար, Մ. Ղազարյանը  ընդգծել է . « Մեզ համար բաց և հրապարակային կառույցի «Ոսկե բանալի»մրցանակը շատ պատվաբեր և պարտավորեցնող է : ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, նախարար պարոն Աշոտյանի ղեկավարությամբ իր նախաձեռնություններում և ծրագրերում մշտապես ներգրավում է քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտներին: Տեղեկատվության ազատությունը և թափանցիկությունը կրթության ոլորտում դիտարկվում է առաջնահերթություն»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։