Լիցենզավորման հանձնաժողովի նիստում
2011-09-23
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կայացել է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Օրակարգում ընդգրկված էին 32 կազմակերպությունների հանրակրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաներ ստանալու հայտեր, որոնցից 30-ը պետական ոչ առևտրային կազամակերպություններից (ՊՈԱԿ), 2-ը` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից (ՍՊԸ):
Քննարկելով ՀՀ Կրթության և գիտության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից կրթական ծրագրերի վերաբերյալ տրված եզրակացությունները` հանձնաժողովը ներկայացված բոլոր հայտերին տվել է դրական եզրակացություն: Գործունեության լիցենզիաներ են ստացել 30 դպրոցներ` ՊՈԱԿ-ներ: «Ռոզելիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրվել է նախադպրոցական կրթական ծրագրով, իսկ «Վարուժնակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տարրական հանրակրթական ծրագրով գործունեության լիցենզիա: