Կրթական համակարգ` միջազգային չափանիշներին համահունչ

2011-09-09

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր պաշտոնական հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ստորաբաժանման ղեկավար Ալբերտո Ռոդրիգեսի գլխավորած պատվիրակաության հետ: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում ՀԲ-ն Հայաստանի գլխավոր գործընկերներից  է:
«Կրթական բարեփոխումները մեր երկրում շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մենք ունենանք մեր հասարակության պահանջներին ու միջազգային չափանիշներին համահունչ կրթական  համակարգ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Համաշխարհային բանկի ամերիկյան գրասենյակի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների կրթության ստորաբաժանման ղեկավար Ալբերտո Ռոդրիգեսը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում  կրթական բարեփոխումների ընթացքն առաջնահերթ է դիտարկվում  երկրի բարձրագույն իշխանությունների կողմից: Նա արտահայտել է այսուհետ ևս կրթական բարեփոխումների իրականցմանն աջակցելու  ՀԲ-ի պատրաստակամությունը: Նշվել է, որ առաջիկայում իրկանացվելու է կրթական բարեփոխումների  առկա իրավիճակի վերլուծություն, որն էլ հիմք կհանդիսանա համագործակցության  հետագա ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը, ներկայացնելով Բոլոնիայի գործընթացի շրջանակում մեր երկրում իրականացվող բուհական համակարգի բարեփոխումները, նշել է. «ՀՀ կառավարության համար առաջնային է առաջիկա տարիներին մեր երկրում ունենալ միջազգային չափանիշներով հավատարմագրված որոշակի թվով համալսարաններ, որոնք կդառնան մեր բարձրագույն մասնագիտական կրթական համակարգի լոկոմոտիվը»: Բոլոնիայի գործընթացի համատեքստում` նախարարը ընդգծել է նաև միջազգային կառույցների կողմից տարածաշրջանում գործող  համալսարանների վարկանշավորման կարևորությունը, որը մրցակցային դաշտ կապահովի` նպաստելով բարձրագույն կրթության որակի բարելավմանը ողջ տարածաշրջանում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։