Կրթական համակարգը` կառավարության ծրագրային առաջնահերթ ուղղություններից
2011-09-08
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումներն ու ոլորտի հիմնական խնդիրները: Նախարարը մասնավորապես նշել է . «2005 թվականին Հայաստանը դարձել է Բոլոնիայի գործընթացի լիիրավ անդամ, և ներգրավվելով եվրոպական բարձրագույն կրթության տարածքում, Հայաստանի Հանարապետությունը բացառիկ հնարավորություն է ստացել, կրթական համակարգում գոյություն ունեցող ազգային ավանդույթների հիման վրա ձևավորել ժամանակակից քաղաքացու, հասարակության և տնտեսության շահերին, ակնկալիքներին ու պահանջներին համահունչ կրթական նոր համակարգ»:
Հայաստանում, 90-ական թվականների սկզբից, ինչպես նշել է նախարարը, բարձրագույն կրթության ֆինանսավորմանը, բացի պետությունից, որը մինչ այդ միակ աղբյուրն էր, մասնակից է դարձել նաև հասարակությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ում այժմ գործում է 23 պետական և միջպետական, շուրջ 40 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն: Երկու տարի առաջ մասնավոր բուհերի թիվը հասնում էր 90-ի: Պետության ձեռնարկած հետևողական քայլերի` կրթության որակի հսկողության, լիցենզավորման կարգի խստացման շնորհիվ բուհերի թիվը նվազել է: Նախարարը նշել է, որ մասնավոր բուհերը գնացել են խոշորացման ճանապարհով, ինչը բուհերի ֆինանսավորման համակարգի վրա դրական է անդրադարձել:
Անդրադառանալով բուհական կրթության ֆինանսավորման խնդիրներին’ նախարարը նշել է. «Հայաստանի համար կարևորագույն խնդիր է բիզնես ոլորտը մասնակից դարձնել բարձրագույն կրթության ֆինանսավորմանը: Այսօր բուհական կրթության ֆինանսավորման շուրջ 30 տոկոսն ապահովվում է պետբյուջեից, 70 տոկոսը` ուսանողական վարձավճարներից, որոնց մեջ մասնավոր ընկերությունների ֆինանսավորման մասնաբաժինը չնչին տոկոս է կազմում: Մասնավոր ընկերությունները պետք է մտածեն բարձրագույն կրթության ոլորտում երկարաժամկետ ներդրումներ անելու մասին, որն հետագայում նրանց համար կապահովի որակյալ աշխատուժ և տնտեսական արդյունք: Բարձրագույն կրթական համակարգը ոչ միայն գիտելիքներ ստեղծող, այլև զարգացած, կիրթ քաղաքացիներ պատրաստող համակարգ է, ինչը կարևոր է նաև պետականության հիմքերի ամրապնդման, յուրաքանչյուր քաղաքացու հաջողության և բարեկեցության տեսակետից: Այս առումով ՀՀ կառավարության ընդունած բարձրագույն կրթության ֆինանսավորման նոր ռազմավարությունը ենթադրում է երեք տարվա գործողությունների ծրագիր, որը կարևոր է նաև կրթական ոլորտում մեր երկրի եվրաինտեգրման տեսակետից: Բոլոնիայի գործընթացն այն հարթակն է, որտեղ եվրաինտեգրման ուղին առավել արագ և ավելի մեծ հաջողություններով է հնարավոր անցնել: Այն հնարավորություն է տալիս Հայաստանին հաղորդակցվել եվրոպական լավագույն կրթական փորձին և դառնալ եվրոպական կրթական համակարգի լիիրավ անդամ»:
Հանմաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի կրթության և գիտության նախարար Գինտարաս Ստեպոնավիչիուսը: Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության և Ազգային ժողովի ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում գործող այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:












