Փոփոխություններ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում

2011-09-02

Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2010 թվականի  մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N319-Ն որոշմամբ հաստատված կարգում:
 Մասնավորապես լրացում է կատարվել հիշյալ կարգի 6-րդ կետում:Սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ,  տրամադրում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում  հրապարակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաև azdarar.am կայքում՝  ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:
 Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  կարգում  կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետևյալն է.երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում  խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որևէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։