Նախարարն ազդարարեց օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը
2011-08-24
Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, ողջունելով մասնակիցներին նշել է, որ մարզպետարանը, որպես տարածքային կառավարման մարմին, աջակցելու է կրթության և գիտության նախարարությանը` դպրոցներում բարեփոխումների արդյունավետ ընթացքն ապահովելու և արատավոր երևույթները բացառելու հարցում:
Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացքի մեջ գտնվող կրթական բարեփոխումներն անդառնալի են և շարունակական են լինելու: Նախարարը մասնավորապես նշել է. <Կրթության բնագավառի բարեփոխումները երբեք չեն ավարտվելու: Հասարակության ու տնտեսության աճող պահանջները սպասարկելու համար կրթության համակարգը պետք է մշտապես զարգանա և փոփոխվի: Մենք լավատես ենք և 2011-12 ուսումնական տարի ենք մտնում բազմաթիվ նոր ծրագրերով>: Անդրադառնալով նոր դասագրքերին, Ա. Աշոտյանը նշել է, որ միջին դպրոցի համար փոխվել են <Հայոց լեզու> և <Մաթեմատիկա> առարկաների դասագրքերը, որոնք ընտրվել են մրցութային կարգով: Նախարարը հավաստիացրեց, որ դասագրքերը պատրաստ կլինեն համապատասխան ժամկետներում և կոչ արեց տնօրեններին ապահովել դրանց բաշխումն աշակերտներին:
Այս տարի առաջին անգամ հանրակրթական դպրոցներում պարտադիր կուսուցանվի նաև <Շախմատ> նոր առարկան: Նախարարը տեղեկացրել է, որ արդեն պատրաստ են առարկայի դասագրքերը, աշխատանքային տետրերը, ուսուցչի ձեռնարկները: Շուտով դպրոցները կստատան նաև համապատսախան գույք և բոլոր դպրոցներում կձևավորվեն շախմատի կաբինետներ:
Նախարարը նշել է նաև, որ նոր ուսումնական տարում կկազմակերպվի ուսուցիչների ատեստավորում, որը լավագույներին հնարավորություն կտա ստանալ համապատասխան տարակարգեր, ըստ այդմ նաև հավելավճարներ: Նախարարն ընդգծել է, որ նկատելիորեն բարելավվել է դպրոցների համակարգչային հագեցվածությունը: Մինչև տարեվերջ հանրապետության դպրոցների 98 տոկոսն ապահովված կլինի ինտերնետով: Ավարտվել է ավագ դպրոցների ձևավորման գործընթացը: Մինչև տարեվերջ 7 ավագ դպրոցներ, որոնցից 2-ը Երևանում, 5-մարզերում, այդ թվում 1-ը Լոռու մարզում կապիտալ վերանորոգված կհանձնվի շահագործման:
Անդրադառնալով կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերին` նախարարը կարևորել է ԶԼՄ-ների դերը, ընդգծելով, որ մամուլն այսօր առավել քան երբևէ, ուշադիր է կրթության ոլորտի նկատմամբ և բարձրացված որևէ հարց նախարարության կողմից անուշադրության չի մատնվում. <Զանգվածային լրատվության միջոցները կրթության համակարգի լուրջ աջակիցներն են: Նրանք մեր աչքն են, ականջը և ավելի շատ տեղեկացված լինելու լավագույն հնարավորությունը>,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել. <Մենք կրթության ոլորտում կոռուպցիան, որպես երևույթ արմատախիլ անելու խնդիր ենք դրել: Ընդհանրապես կոռուպցիան վերացնել այն ոլորտներում, որտեղ շահառուները պահանջատեր և հետևողական չեն, շատ դժվար է>: Որպես արատավոր երևույթների նվազմանն ուղղված արմատական քայլ` Ա. Աշոտյանը մատնանշել է քոլեջների և ուսումնարանների ընդունելության քննությունների վերացումը: Նախարարը նաև նշել է, որ քոլեջների և ուսումնարանների այն ուսանողները, ովքեր ընդունվել են հիմնական դպրոցի հենքով, գալիք ուսումնական տարվանից սկսած, հանրակրթական առարկաներից ավարտական քննությունները հանձնելու են միասնական ընթացակարգով` ԳԹԿ-ի կազմած թեստերով: Անդրադառնալով նախորդ տարվանից մեկնարկած հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրաման գործընթացին, նախարարը նշել է, որ 130 գործող տնօրեններ քննությունների պատնեշը չեն հաղթահարել, ինչը կրթական համակարգի համար տեղաշարժեր առաջացնող երևույթ է, առավել ևս, որ մինչ այդ հանրապետությունում մոտ 800 դպրոցների տնօրեններ աշխատում էին անժամկետ պայմանագրերով: Կրթության և գիտության նախարարը նշել է, որ մինչև դեկտեմբերի 1-ը հանրապետության 900 դպրոցներում տնօրենների մրցույթներ են անցկացվելու, այդ թվում` 80-ը Լոռու մարզում: Այս առնչությամբ նախարարը մասնավորապես կարևորել է. <Մեր խնդիրն է մարզպետարանների հետ ձեռք-ձեռքի տված հետևողոկան լինել, որ մրցույթներն արդար անցնեն>: Անդրադառնալով պարտադիր դրամահավաքության արատավոր դրսևորումներին` նախարարը նշել է. <Դրամահավաքը օրինական կազմակերպելու կարգ կա` գումարը կամավորության սկզբունքով պետք է հավաքի ծնողական խորհուրդը և փոխանցի դպրոցի հաշվեհամարին: Ծախսերը կատարվելու են թափանցիկ, իսկ տարեվերջին տնօրենը պարտավոր է ծնողական, մանկավարժական և կառավարման խորհրդի առջև ներակայացնել հաշվետվություն>:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են նոր դասգրքերին, հանրակրթական ծրագրերին, ուսուցիչների վերապատրաստմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը:












