Հակակոռուպցիոն գործընթացներ. դպրոցը դառնում է առավել թափանցիկ

2011-08-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Dasaran.am ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ծրագրի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միասնական էլեկտրոնային կրթական համակարգ ստեղծելու վերաբերյալ: Ըստ համաձայնագրի` դպրոցները, որպես կրթական գործընթացի պարտադիր բաղադրիչ, դասամատյանում կատարվող գրառումները կմուտքագրեն նաև էլեկտրոնային համակարգում, իսկ վերջինս  հասանելի կլինի բոլոր  շահառուներին` ծնողներին, աշակերտներին և ուսուցիչներին: 
Կրթական ծառայությունը, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ, բոլորի համար կլինի անվճար:
Ողջունելով գալիք ուսումնական տարվա նախաշեմին ազդարարվող նախագծի գործարկումը`  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  նշել է, որ այն համակարգային նշանակություն ունի հանրակրթության ոլորտի մի շարք գերակա համարվող խնդիրների լուծմանը նպաստելու առումով: Նախարարը մասնավորապես նշել է. «Dasaran.am  էլեկտրոնային  միջավայրը տեղեկատվական տեխնոլոգիաների իր հարուստ գործիքակազմով և ծառայությունների փաթեթով, կարևոր և օգտակար կլինի հանրակրթության ոլորտում մի շարք խնդիրների լուծման համար: Նախագիծը կարևոր է ևÕ› որպես տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների մուտքը դպրոցներում ազդարարող ևս մեկ հանգրվանային կետ, ևÕ› որպես ծնողի ու աշակերտի պատասխանատվությունը բարձրացնող, ու կրթական գործընթացի թափանցիկությունն ապահովող նոր գործիք: Ուզում եմ շեշտել, որ նախագիծն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ: Նման տեսակի էլեկտրոնային գործիքների կիրառումը դպրոցներում, մեզ թույլ կտա նվազեցնել շինծու գնահատականների առկայությունը, տարեվերջյան գնահատականների անարդար ամփոփումները»: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի մեկնարկի առաջին փուլում Երևանի բոլոր դպրոցները կներգրավվեն Dasaran.am ցանցում՝  ստեղծելով «աշակերտ-ծնող-ուսուցիչ» կապն ապահովող համապարփակ միջավայր: Հետագայում  միասնական էլեկտրոնային կրթական համակարգում կընդգրկվեն նաև հանրապետության բոլոր դպրոցները: Միասնական կրթական պորտալում յուրաքանչյուր դպրոց և ուսուցիչ կունենա իր էլեկտրոնային էջը: Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ  յուրաքանչյուր ծնող, ստանալով անհատական ծածկագիր, «հնարավորություն կունենա ձեռքը պահել  երեխայի կրթության զարկերակի վրա»,  մասնավորապես ծանոթանալ երեխայի առաջադիմությանը, միջին գնահատականներին, տնային առաջադրանքներին ու վարքագծին: «Յուրաքանչյուր ծնող և աշակերտ կունենա միայն անհատական մուտք դեպի համակարգ, ինչի շնորհիվ բոլոր երեխաների համար կապահովվի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը»,-նշել է նախարարը: 
Աշակերտներին համակարգը հնարավորություն կտա ստեղծել հասակակակիցների ու ընկերների լայն ցանց, խորացնել գիտելիքները՝ զանազան ինտելեկտուալ խաղերի միջոցով, զարգացնել տարբեր կարողություններ ու հմտություններ՝ մասնակցելով հատուկ մշակված մրցույթների: Dasaran.am ծրագրի կիրառումը, ինչպես նշել է Ա. Աշոտյանը, որպես պետական կրթական քաղաքականության բաղադրիչ, բոլոր դպրոցների համար լինելու է պարտադիր:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորել է, որ էլեկտրոնային համակարգը հասանելի լինի նաև մարզերում և հույս հայտնել, որ այն կնպաստի քաղաքակիրթ քաղաքացիներ կերտելու գործին:
Dasaran.am ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կամընտրական հիմունքներով ներդրվել է  մայրաքաղաքի 46 դպրոցներում, որոնցում, ըստ վերլուծական տվյալների, շուրջ 12 տոկոսով բարձրացել է  աշակերտների առաջադիմությունը և 20 տոկոսով նվազել` բացակայությունը: Նա հավելել է, որ ուսուցիչների համար կազմակերպվելու են անվճար վերապատրաստման դասընթացներ, որոնք ուղղված կլինեն համակարգչային գիտելիքների ու հմտությունների խորացմանը:
Միջոցառման ավարտին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների համակարգչային հագեցվածությանը, այս տարվա դիմորդների պակասի պատճառով բուհերում առաջացած խնդիրներին, ինչպես նաև 2012 թվականի բուհական ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանների ստեղծման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ դպրոցների համակարգչային հագեցվածությունն աճել է 65 տոկոսով, և ընդգծել. «ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականցվել է <համակարգիչներ դպրոցների համար> ծրագիրը, որի շրջանակում ամենակարիքավոր դպրոցներին 2500 հավելյալ համակարգիչներ են տրվել: Մինչև սեպտեմբերի 1-ը  դպրոցները կստանան շուրջ 1500 համակարգիչ ևս»: Ներկայումս, ըստ աշակերտների թվի` համակարգիչների ապահովվածության ցուցանիշը կազմում է 1/22, այսինքն 22 աշակերտին բաժին է ընկնում մեկ համակարգիչ, ինչը շատ  մոտ է Եվրամիության միջին ցուցանիշին: Նախարարը հավելել է, որ երկու տարի առաջ այդ ցուցանիշն եղել է 1/38 հարաբերակցությամբ: Անդրադառնալով բուհական ընդունելության քնություններին և առաջին կուրսեցիների այս տարվա պակասից բխող խնդիրներին` նախարարը նշել է. «Վերջին երկու տարիներին մեր բուհերի ղեկավարներին հնարավորություն էր տրված առավել շատ թվով ուսանողներ ընդունել: 2009 և 2010 թվականներին մենք ավելի շատ ուսանողներ ենք ունեցել քան մինչ այդ` 2008-ին և 2007-ին: Նպատակը մեկն էր. նախապատրաստվել և բուհերում ֆինանսական հիմքեր ապահովել, որպեսզի  այս` 2011-12 ուսումնական տարվան կարողանան դիմակայել: Այն բուհերը, որոնք պետության կողմից տրված հնարավորությունները նպատակային են օգտագործել, կարողացել են խուսափել դասախոսական կազմի զանգվածային կրճատումներից»: Նախարաը նշել է, որ բուհերում  հիմնական աշխատակազմի կրճատում չի եղել,  դուրս են մնացել հիմնականում ժամավճարով աշխատողներն ու կենսաթոշակային տարիքը լրացած անձիք: Նախարար  գոհունակությամբ արձանագրել է, որ արվեստի բուհերը`Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտն ու Գեղարվեստի պետական ակադեմիան այս տարի դիմորդների և ուսանողների պակաս գրեթե չեն ունեցել: «Ես հուսով եմ, որ սա մեր հասարակության մտածելակերպի մեջ համակարգային փոփոխություն կձևավորի»,-նշել է Ա. Աշոտյանը:
Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2011-2012 թվականների համալիր գործողությունների ծրագրով նախատեսված է, որ 2012 թվականի ընդունելության քննությունների թեստերը ձևավորվելու են վաղօրոք հրապարակված շտեմարաններից: Այս առնչությամբ նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է. «Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրատարկի  «Հայոց լեզու>»և «Մաթեմատիկա» առարկաների 3-5 հազար թեստեր պարունակող շտեմարանները, որոնցից հետագայում կընտրվեն նաև համապատասխան քննական թեստերը»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։