Աղետների ռիսկերի նվազեցման կրթություն

2011-08-12

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աղետների ռիսկերի նվազեցման կրթության ռազամավարության վերաբերյալ, որը վարել է նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Արտակարգ իրավիճակների կառավարման ակադեմիայի, Կրթության ազգային ինստիտուտի և նախարարության ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ի աղետների և ռիսկերի նվազեցման կրթության ծրագրի ղեկավար Տ. Թովմասյանը ներկայացրել է ծրագրի առաջին փուլի արդյունքները:«Աջակցություն Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նվազմանը խոցելի համայնքներում և հաստատություններում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում Շիրակի, Վայոց ձորի, Արագածատոնի և Գեղարքունիքի մարզերի 24 դպրոցներում կազմակերպվել են համապատասխան դասընթացներ: Հիշյալ դպրոցներին տրամադրվել են համապատասխան ուսումնական նյութեր, վերապատրաստվել են 96 մանկավարժներ, ովքեր դասավանդել են շուրջ 4000 աշակերտների: Ծրագրի  հիմնական նպատակն աղետներին դիմակայելու մշակույթի բարձրացումն է:
 ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մ. Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի և համագործակցության համար, նշել է, որ ծրագիրը նախարարության կողմից դիտարկվում է հեռանկարային: Մ. Մկրտչյանը, ընդգծելով, որ աղետների ռիսկերի նվազման կրթությունը որոշակիորեն ներառված է  հանրակրթական դպրոցների  «Նախնական զինվորական պատրաստվածություն»  առարկայի դասընթացում, անդրադարձ է կատարել ուսուցման գործընթացը կազմակերպելու այլ հնարավորություններին: «Կրթության բովանդակությունն ամբողջական հասկացություն է: Այս համատեքստում աղետների ռիսկերի նվազման կրթությունը կարող է արդյունավետ իրականացվել միջառարկայական կապերի ճիշտ օգտագործմամբ` ուսուցողական թեմաները ներառելով հանրակրթական տարբեր առարկաների բովանդակության մեջ»:
Քննարկման մասնակիցները կարևորել են դպրոցների   պարտադիր արտադասարանական միջոցառումների ցանկում աղետների ռիսկերի նվազման վերաբերյալ թեմաների ներառումը, որոնց, բացի աշակերտներից, կարող են մասնակցել նաև ծնողները:
Քննարկվել է նաև բուհական համակարգում, մասնավորապես մանկավարժական բուհերում աղետների ռիսկերի նվազեցման կրթության որակի բարելավման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել ՄԱԿ-ի և տեղական մասնագիտական կառույցների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային  խումբ` այս բնագավառի ուսումնական հենքի զարգացման նպատակով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։