69 սփյուռքահայ ուսուցիչ ստացավ հավաստագիր
2011-08-06
Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների այս տարվա վերապատրաստման դասընթացների պաշտոնական փակման արարողությունը: Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղեկալ Մանուկ Մկրտչյանը: Նա մասնավորապես նշել է. «Մենք կարևորում ենք այն հանգամանքը, որ վերապատրաստման ծրագրում, բացի նախորդ տարիների մասնակիցներից, տարեցտարի ներգրավվում են նոր մանկավարժներ:
2000 թվականից կազմակերպվող ամենամյա դասընթացներին այս տարի մասնակցել են 18 երկրներից ( Սիրիա, Լիբանան, ԱՄՆ, Գերմանիա Ուրուգվայ , ԱՊՀ և այլն) ժամանած 69 սփյուռքահայ ուսուցիչներ: Նրանց համար վերապատրաստումը կազմակերպվել է մեկօրյա դպրոցների, նախակրթարանների, հայոց լեզվի և գրականության, դպրոցների կառավարման և արտադպրոցական միջոցառումների ծրագրերով : Վերջին երկու դասընթացները ծրագրում ներառվել են այս տարի:
Փոխնախարար Մանուկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ ուսուցիչներին` հայապահպանման գործում ունեցած կարևոր ներդրման և հայրենիքի հետ ակտիվ համագործակցության համար : Վերապատրաստաման դասընթացների բոլոր մասնակցիներին հանձնվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության հավաստագրեր:
Շուրջ մեկ ամիս տևած դասընթացների ընթացքում սփյուռքահայ ուսուցիչների համար կազմակերպվել են նաև ճանաչողական և ուսուցողական այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր, պատմաճարտարապետական հուշարձաններ և թանգարաններ:
Միջոցառման ժամանակ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետա Գյուլամիրյանը ծննդյան 65 ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե հուշամեդալով`կրթության և գիտության ոլորտում ունեցած մեծագույն ավանդի համար:












