Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է ընդունելության արդյունքները

2011-08-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը քննարկել և ընդունել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիային և Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտին պահուստային և թափուր մնացած տեղերից լրացուցիչ տեղեր հատկացնելու մասին առաջարկը:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է նաև պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի 104-րդ և 105-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակը:
Նիստի ընթացքում որոշվել է պահուստային տեղերից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկ անվճար ուսուցման տեղ հատկացնել՝ ասորական համայնքի համար:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2011 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն 2628 դիմորդից շուրջ 2340-ը կդառնան ուսանող:    
Անցնելով օրակարգի հաջորդ հարցին, հանձնաժողովը հաստատել է ՀՀ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը հատկացված նպատակային տեղերի ընդունելության արդյունքներն ըստ բուհերի: ԼՂՀ-ին հատկացվել էր 60 նպատակային տեղ, միասնական քննությունների ընթացակարգով ընդունվել է 5 դիմորդ՝ 1-ը Երևանի պետական համալսարան, 4-ը  Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ևս 4 դիմորդ ներբուհական ընդունելության քննություններով ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիա, մնացած տեղերը թափուր են: Քննարկելով ԼՂՀ-ի կրթության նախարարի առաջարկությունը հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշել է թափուր մնացած տեղերից 12-ը հատկացնել Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտին:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը հաստատել է անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթի արդյունքները: Ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն սահմանված ժամկետներում:
Նիստի ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների  ընդունելության գործընթացին վերաբերող այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։