Կայացավ հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը

2011-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ այսօր կայացել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012թթ. ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ողջունելով և արդյունավետ աշխատանք ցանկանալով հանձնաժողովին՝ նախարարը նշել է, որ սահմանված ժամկետում պետք է ամփոփված և հանրությանը ներկայացված լինեն այս տարվա մրցույթի արդյունքները: 
Հաստատման ներկայացնելով նիստի օրակարգը՝ նախարարը խոսքը փոխանցել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գուրգեն Խաչատրյանին, ով հաձնաժողովին է տրամադրել տեղեկանք՝ այս տարվա ընդունելության քննությունների վերաբերյալ: Համաձայն տեղեկանքի՝  2011 թվականին ՀՀ պետական և ոչ պետական բուհեր է դիմել 2655 դիմորդ, որից 1020-ը՝ Երևանի պետական համալսարան, 379-ը՝ Հայկական պետական մանկավարժական համալսարան, 259-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարան, 212-ը՝ Հայկական պետական տնտեսագիտական համալսարան և այլն: Գ. Խաչատրյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն քննությունների արդյունքների վերաբերյալ, համաձայն որի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»  առարկայից քննություն է հանձնել 1455 դիմորդ, որից 158 /շուրջ 10 տոկոս/ չի հաղթահարել նվազագույն շեմը, իսկ «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից քննություններ են հանձնել համապատասխանաբար 1166 և 589 դիմորդներ, որոնցից նվազագույն շեմը չեն հաղթահարել 742 և 373 դիմորդներ/ շուրջ 63 տոկոսը/:
Օրակարգում ընդգրկված երկրորդ հարցը, որը ներկայացրել է հանձնաժողովի  պատասխանատու քարտուղար, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն  և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, վերաբերել է «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի» 107 կետին: Համաձայն տվյալ կետի՝ «Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները»: Պատասխանատու քարտուղարը տեղեկացրել է, որ բուհերից ստացվել է 5 դիմորդի փաստաթղթեր, մասնավորապես 3-ը՝ Երևանի ֆիզիկակական կուլտուրայի պետական ինստիտուտ և մեկական դիմորդներ՝ Գյուրմրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ:
Հանձնաժողովը որոշում է կայացրել տրամադրել այդ տեղերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։