Դասարան անիվների վրա

2011-07-21

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) ծրագրի շրջանակում` 2010-2011 ուսումնական տարում գործել են «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 3-րդ և 8-րդ դասարանները, երբ դասարանների բոլոր սովորողները ու ուսուցիչները դպրոց են հաճախել անձնական նոթբուք-նեթբուքերով:
Ծրագիրն իրականացվել է «Ինթել» միջազգային ընկերության, Հայաստանում նրա ներկայացուցիչ «Յունիքոմփի» աջակցությամբ, դասարանում անլար համացանցի, էլեկտրոնային գրատախտակի և այլ թվային ուսումնական միջոցների կիրառմամբ: Նոթբուք-նեթբուքերը տրամադրել է «Յունիքոմփը», էլեկտրոնային գրատախտակները ձեռք են բերվել «Միցյուբիշի Էլեկտրոնիքս»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա»-ից, «Մայքրոսոֆթը» հատկացրել է անհրաժեշտ ուսումնական ծրագրեր և գործիքներ:
2011-2012 ուստարում ծրագիրն ընդարձակվում է, գործելու են 1-12-րդ նոր դասարաններ: Սովորողները և ուսուցիչները նոթբուք-նեթբուքները ձեռք կբերեն «Յունիքոմփի» միջոցով «Արդշինինվեստ» բանկի տրամադրած հատուկ ապառիկ համակարգով:
«Դասարան անիվների վրա» նախագծի նպատակն է անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով Հայաստանում և Արցախում առաջացնել սովորողներից և ուսուցիչներից կազմված մեդիահանրակրթության դասարանների ստեղծման պահանջ, ինչպես նաև  ուսումնական գրականություն տրամադրել դպրոցներին, mskh-ում ընթացող մեդիաօլիմպիադայում ներգրավել Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի սովորողներին և ուսուցիչներին, մեդիակրթության բովանդակությունը լրացնել նոր հայրենագիտությամբ, կրթական նոր կապեր հաստատել հետագայում կրթական փոխանակումներ իրականացնելու համար:
Նախագծի երթուղին.
Երևան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթև-Նորավանք- Երևան
Մեկնումը` հուլիսի 20-ին` ժամը 10.00, Հանրապետության հրապարակից:
Հուլիսի 20, ժամը` 12.00 - Եղեգնաձորի թ. 3 ավագ դպրոց
Հուլիսի 20, ժամը` 16.00 - Գորիսի թ. 4 ավագ դպրոց
Հուլիսի 20, ժամը` 20.00 - Ստեփանակերտ
Հուլիսի 21-22 - Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց,
Ստեփանակերտի թ.թ. 8 և 11 դպրոցներ, Վանք գյուղի դպրոց, Գանձասար, Ամարաս
Հուլիսի 23 - Ստեփանակերտ, Տաթև, Սիսիան, Վայք, Նորավանք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։