Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական օլիմպիադա

2011-07-18

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աժ պատգամավորներ, կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:Համահայկական օլիպիադան նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: 
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այսօրինակ ձեռնարկումները մի քանի խորհուրդ ունեն:
Առաջինը մեր միասնականության խորհուրդն է:
Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարևորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը: Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ:
Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրը, որ ծառանում է մարդու առաջ, ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը: Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարևորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը:Այս առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարևոր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը և ամուր կապվեն հայրենիքին: Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը: Այս փոխներթափանցումը միայն հարստացնելու է մեր պատկերացումները, հնարավորություն է տալու ամրացնել մեր միասնականությունը:
Ուրախ եմ, որ տարեցտարի ընդլայնվում է օլիմպիադայի մասնակիցների աշխարհագրությունը և մեծանում է հետաքրքրությունը համահայկական ընդգրկում ունեցող այս միջոցառման նկատմամբ: Կրթական առումով, համահայկական օլիմպիադաների անցկացումը նպաստում է միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը:
Խորհրդանշական է, որ օլիմպիադան նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ձեր սերնդի համար ազատ ու անկախ Հայաստանն արդեն իրողութուն է, անշրջելի ու անբեկանելի իրողություն:
Առաջիկա օրերին, դուք բոլորդ մրցելու եք ձեր գիտելիքներով, սակայն վստահ եմ, որ այդ մրցակցության մեջ պարտվողներ չեն լինելու: Բոլորդ արդեն հաղթել եք, քանի որ շահելու եք ոչ միայն մրցանակներ, այլև ձեզ մնալու են անմոռանալի և վառ հիշողություններ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին, նշել է. «Ես ուրախ եմ, որ հայոց լեզվի  գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադան անցկացվում է մեր հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառման շրջանակում: Հայաստան աշխարհը կայացել է ոչ միայն որպես Հայաստանում ապրող քաղաքացիների պետություն, այլև ամբողջ աշխարհի հայերին ձգում է դեպի մայր Հայաստան: Ես ուրախ եմ, որ բոլորիս հավաքել է  մի ցանկություն` հզոր տեսնելու մեր պետությունը և մեզ որպես այդ պետության մասնիկ: Մենք պետք է ստիպենք, որպեսզի կարողանանք ծառայեցնել բոլոր մեր հնարավորությունները, ջանքերն ու կարողությունները ի հզորություն հայոց պետականության և ի պահպանություն հայ ազգի»:
2011 թվականի օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ և 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող և համայնքի հետ կապված հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադան նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին:
Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաև միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը, ինչն ավելի արդյունավետ է դարձնում ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված` ուսումնական գրականությամբ Սփյուռքի կրթօջախներին աջակցության ծրագիրը: 
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության իմացության պահանջը մնում է ուժի մեջ: Նրանք կարող են ծանոթանալ գրական երկերի թարգմանություններին: Այս պարագայում մասնակիցները պարտավոր են իմանալ միայն տվյալ լեզվով գոյություն ունեցող ստեղծագործությունները (կարդալ նրանց թարգմանությունները): Նման փորձն առաջինն է ծրագրի շրջանակում և մեծ դեր կարող է ունենալ հայ մշակույթը արտերկրներում տարածելու գործում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։