Համահայկական օլիմպիադա
2011-07-18
Օլիմպիադան նպատակ ունի խրախուսել հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ամուր կապվել հայրենիքին:
Օլիմպիադաների անցկացումը նպաստում է նաև միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը, ինչն ավելի արդյունավետ է դարձնում ՀՀ կառավարության ծրագրում ընդգրկված` ուսումնական գրականությամբ Սփյուռքի կրթօջախներին աջակցության ծրագիրը:
Օլիմպիադան ընդգրկում է հարցեր հայոց լեզվից, գրականությունից, հայոց պատմությունից և հայ մշակույթի պատմությունից: Մասնակիցները պետք է կարողանան դրսևորել գիտելիքներ բոլոր ոլորտներից: Հայերեն լեզվին չտիրապետող կամ օտարազգի մասնակիցներն ազատվում են հայոց լեզվին վերաբերող հարցերից, սակայն հայ գրականության իմացության պահանջը մնում է ուժի մեջ: Նրանք կարող են ծանոթանալ գրական երկերի թարգմանություններին: Այս պարագայում մասնակիցները պարտավոր են իմանալ միայն տվյալ լեզվով գոյություն ունեցող ստեղծագործությունները (կարդալ նրանց թարգմանությունները): Նման փորձն առաջինն է ծրագրի շրջանակում և մեծ դեր կարող է ունենալ հայ մշակույթը արտերկրներում տարածելու գործում:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 և երրորդ կարգի 9 դիպլոմներ և մրցանակներ:
Միջոցառման շրջանակում լրացուցիչ նախատեսվում են ասմունքի, ճարտասանության և հայրենասիրական երգի արդեն ավանդական դարձած մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ըստ ցանկության: Այս մրցույթներում հաղթողների համար սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ:
Պատվիրակների համար նախատեսված են նաև մշակութային, ուսուցողական և ժամանցային միջոցառումներ, մասնավորապես մասնակիցները կսովորեն հայկական պարեր ու երգեր, կծանոթանան առանձին ժողովրդական արվեստներին, կայցելեն Հաղարծին, Գոշավանք, Էջմիածին, կլինեն Ծիծեռնակաբերդում և Երևանի այլ տեսարժան վայրերում:
Օլիմպիադայի ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից, ինչպես նաև այս տարի իր աջակցությունն է ցուցաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական Դաստիարակության կենտրոնը և «Զանգակ-97» հրատարակչությունը:












