Կրթական համագործակցության զարգացման միտումներ

2011-07-15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կարճ ժամանակահատվածում դեսպանին հաջողվել է նոր մակարդակի բարձրացնել հայ-ուկրաինական համագործակցությունը, ակտիվ կապեր հաստատել հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Նախարարը հույս է հայտնել, որ երկու պետությունների համագործակցության արդյունքում կրթության ոլորտում ևս կարձանագրվեն նորանոր ձեռքբերումներ:

 Հանդիպման ընթացքում դեսպանն անդրադարձել է երկու պետությունների Նախագահների և խորհրդարանների նախագահների մակարդակով վերջերս կայացած հանդիպումներին, որոնց արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր  պայմանավորվածություններ` շարունակելու և զարգացնելու երկու պետությունների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում  համագործակցությունն ու փոխշահավետ կապերը: Դեսպան Իվան Կուխտան  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է հանձնել այս տարի սեպտեմբերին Կիևում կայանալիք «21-րդ դարի կրթությունը» թեմայով կոնֆերանսին մասնակցության` Ուկրաինայի կրթության նախարարի հրավերը, որին հրավիրված են Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 40 պետությունների կրթության և գիտության նախարարներ: Դեսպանը, անդրադառնալով Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների լայնածավալ գործընթացներին, բարձր է գնահատել ձեռքբերված հաջողությունները և նշել, որ Ուկրաինայի համար նույնպես կարևոր է կրթության ոլորտում օգտագործել Հայաստանի փորձն ու առաջընթացը: Հանդիպման ժամանակ դեսպան Իվան Կուխտան  նշել է Ղրիմի  7 դպրոցներում հայերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնության մասին: Նա նախարարին տեղեկացրել է նաև Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ուկրաիներենի դասընթացներ կազմակերպելու  ուղղությամբ բուհի ղեկավարության  հետ տարվող աշխատանքների ընթացքի մասին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ համայնքի ակտիվ մասնակցությանը` Ուկրաինայի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում:
Նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Ուկրաինայի կրթության նախարարի հրավերին, հավաստել է ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը Կիևում նախատեսվող կոնֆերանսին: Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումների ներկայիս ընթացքն ու ձեռքբերումները, միաժամանակ  պատրաստակամություն հայտնելով ուսումնամեթոդական աջակցություն  ցուցաբերել Ղրիմի  դպրոցներում հայերեն լեզվի ուսուցման դասընթացների կազմակերպման աշխատանքներին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է դեսպանին Բոլոնիայի գործընթացի շրջանակում սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող  կոնֆերանսի մասին և հույս հայտնել, որ կոնֆերանսին կմասնակցի նաև Ուկրաինայի իր գործընկերը:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարն ու Հայաստանում Ուկրաինայի դեսպանն իրենց գոհունակությունն են արտահայտել երկու պետությունների միջև կրթության ոլորտում ընթացող արդյունավետ համագործակցության վերաբերալ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։