Կմշակվի ազգային համապարփակ ծրագիր
2011-07-15
Անդրադառնալով հուշագրին` նախարարը նշել է. «Մարդու իրավունքների կրթության տարբեր ծրագրեր Հայաստանում իրականացվել են տարիներ շարունակ և իրականացվում են նաև այսօր: Այս ոլորտում մենք ունենք բազմաթիվ գործընկերներ, միջազգային կազմակերպություններ և դոնորներ, սակայն ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների դերն առանձնահատուկ եմ ուզում շեշտել: Տարիներ շարունակ մարդու իրավունքների կրթության բնագավառում ավելի շատ էին տարերային, իրավիճակային, միանվագ, գրանտային ծրագրերը, որոնք իրականացվում էին այս կամ այն հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների կողմից: Մենք չունեինք առ այսօր միասնական ռազմավարություն, թե ինչպիսի կարիքներ ունենք այդ ոլորտում, ինչպիսի գերակայություններ ունենք և ինչ պետք է անել, որպեսզի մարդու իրավունքների կրթությունը մեր հանրապետության կրթական համակարգում դառնա կրթական գործընթացին ինտեգրված միասնական մաս և իրականում նպաստի դպրոցում գիտելիքի փոխանցման գործընթացին, նպաստի նաև արժեքների ստեղծման և փոխանցման գործընթացին, որովհետև մեզ համար կարևոր է ոչ միայն աշակերտի գիտելիքը, այլ նաև դաստիարակությունը: Վերջինս պետք է խարսխված լինի մարդկային արժանապատվության, մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության արժեքների վրա»,- նշել է նախարարը և հավելել, որ վերջին շրջանում ՄԱԿ-ի հետ նախարարության համագործակցությունն առավել արդյունավետ է զարգանում: «Մենք տիկին Ուդովիցկիի հետ նաև խոսեցինք այն մասին, որ ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի գործակալությունները վերջին երկու տարիների ընթացքում կրթության և գիտության նախարարության համար դարձել են կարևորագույն գործընկերներից մեկը, որի շնորհիվ մենք կարողանում ենք իրականացնել բազմաթիվ ծրագրեր` տեխնիկական աջակցությունից մինչև համապատասխան բարեփոխումներ: Հատկապես ուզում եմ ընդգծել, որ նախարարությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օգնությամբ իրականացնում է պիլոտային ծրագիր հաղորդակցման ռազմավարության ոլորտում` մինչև 2015 թվականը, ցանկանալով առավել հաշվետու, թափանցիկ և հասկանալի լինել հասարակության համար, Հայաստանի քաղաքացիների համար: Այս ծրագիրը բացառիկ է հայկական կառավարչական մարմինների շրջանակում և իրականացվում է բացառապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ»:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն տիկին Կորի Ուդովիցկին իր խոսքում կարևորել է կրթության դերը Հայաստանի ընդհանուր տնտեսության զարգացման գործում և ընդգծել, որ կրթության ասպարեզում համագործակցությունը ՄԱԿ-ի առանցքային աշխատանքի ուղղություններից մեկն է: Նա արտահայտել է նաև իր ակնկալիքները համագործակցության ընդլայնման և ցանկալի արդյունքների արձանագրման վերաբերյալ:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան փոխըմբռնման հուշագիրը բնութագրել է կառուցողական աշխատանքին նպաստող ևս մեկ քայլ և հույս հայտնել, որ հետագայում հնարավորություն կլինի հանրությանը ներկայացնել նաև աշխատանքների արդյունքում ձեռքբերված նվաճումները:












