Ստորագրվեց համագործակցության հուշագիր

2011-07-15

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր, որով պաշտոնապես ամրագրել են երկու կողմերի համագործակցությունը`ուղղված դպրոցական կրթական համակարգի համար Մարդու իրավունքների ուսուցման(ՄԻՈՒ) գործողությունների ազգային համապարփակ ծրագրի մշակմանը:
Ըստ հուշագրի պայմանների` դպրոցական համակարգում կիրականացվի ՄԻՈՒ գնահատում, որին կհաջորդի գործողությունների ազգային համապարփակ ծրագրի ստեղծումը: Աշխատանքը կիրականացնի ազգային և միջազգային փորձագիտական խումբը:
Դպրոցական համակարգում մարդու իրավունքների ուսուցումը խթանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ընդգրկվել է Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի նախաձեռնած` (ՄԻՈՒ) համաշխարհային ծրագրում:
Մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև մարդու իրավունքների ուսուցումը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմքն է հանդիսանում: Դպրոցական կրթության ոլորտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն աշխատանքներ է իրականացնում հանդուրժողականության ուսուցումը միջնակարգ և ավագ դպրոցական ծրագրերում ներառելու ուղղությամբ:
Դպրոցական կրթության ողջ ծրագրում մարդու իրավունքների ուսուցման ընդգրկումն ապահովելու համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և Կրթության և գիտության նախարարությունը նպատակ ունեն մշակելու  դպրոցական կրթության համակարգի` ՄԻՈՒ գործողությունների համապարփակ ծրագիր: Այս ծրագիրը կնախանշի կրթական ոլորտում երկարաժամկետ տևական գործողություններ, ինչպես նաև սովորողներին տեղեկություններ կտրամադրի մարդու իրավունքների ազգային և միջազգային օրենքների սահմաններում իրենց իրավունքների և պատասխանատվությունների վերաբերյալ:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությնը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Կորի Ուդովիցկին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։