«Վառ պահեք այն լույսը, որը կրում եք»
2011-07-11
Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը կրթության բնագավառում՝ Արմեն Աշոտյանը նշել է.«Այս մեկ տարվա ընթացքում մենք շարունակել ենք աշխատել այն ուղղություններով, որոնք ձեզ հետ սահմանել էինք գերակայություն` վերջին երկու տարիների համար: Նախևառաջ դա հայալեզու կրթական բովանդակության ստեղծումն էր համացանցում: Ինչպես գիտեք, արդեն մեր նախարարության նախաձեռնությամբ հայկական բովանդակությունը կրթական ինտերնետում մեծապես աճել է, ստեղծված համապատասխան տեղեկատվական կայքերն այսօր շատ ինտենսիվ համալրվում են ուսումնական ձեռնարկներով, էլեկտրոնային գրքերով, այլ հետքրքիր նյութերով: Մեր նախարարությունն առհասարակ շատ ակտիվ է համացանցում և ինտերնետը պետք է նաև ձեզ հետ միասին փորձենք համատեղ օգտագործել ապագայում նույնպես, որպես հայկական կրթական բովանդակության սփռման, տարածման լավագույն գործիք: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, և շտեմարանները, որոնք մենք արդեն ունենք` էլեկտրոնային գրադարանը, էլեկտրոնային դասագրքերը և այլ էլեկտրոնային օժանդակ նյութերը նույնպես շարունակաբար հարստանալու են, որոնք ձեզ համար գնալով ավելի մատչելի և հետաքրքիր են դառնալու»:
Խոսելով սփյոռքահայ դիմորդների այս տարվա ընդունելության նորամուծությունների մասին` նախարարը նշել է. «Պետությունը տարեկան պետական պատվերի շրջանակում 70 տեղ է տրամադրում սփյուռքահայ մեր հայրենակիցներին բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար սովորելու համար` հիմնականում հայագիտական առարկաներ, մանկավարժություն, երաժշտագիտոթյուն, լրագրություն, այն ամենը, ինչ պետք է մեր համայնքներին: Ապագայում այդ երիտասարդ կադրերը պետք է համալրեն համայնքային մտավոր ինտելեկտուալ ներուժը և շարունակեն այն աշխատանքը, որը դուք այսօր կատարում եք: Մենք ձեզ հետ միասին խոստովանեցինք, որ մեր այս ծրագրի շրջանակում մասնակիցների զգալի մասը Հայաստանում բուհերն ավարտելուց հետո գերադասում են չվերադառնալ այն համայնքները, որտեղից իրենք գործուղվել են, հետևաբար մեր ջանքերը, գումարները, որ ծախսում ենք այդ ուսանողների վրա, որպեսզի նրանք վաղը գաղթօջախներում ապահովեն հայագիտության շարունակականությունը, չի իրագործվում, այդ գումարները ապարդյուն են ծախսվում: Այս տարվանից մենք առաջին անգամ տվյալ դիմորդների հետ կնքվելիք պայմանագրերում հստակ սահմանելու ենք մի դրույթ, ըստ որի, եթե այս կամ այն երիտասարդը, շրջանավարտը կհրաժարվի ավարտելուց հետո վերադառնալ և գաղթօջախում երկու տարի առնվազն չաշխատի, ապա նա ստիպված կլինի մուծել բավականին զգալի և մեծ չափերի հասնող տուգանք, որը կկազմի ավարտական կուրսի վճարովի ուսուցման շուկայական արժեքի ութապատիկը: Այս տարվանից մենք անցնում ենք աշխատանքային տվյալ ձևաչափի, որը, վստահ եմ, թույլ կտա կտրուկ ավելացնել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը և համոզված եմ, մի քանի տարի անց համայնքներում կադրային խնդիրների լուծմանը նույնպես մեծապես կնպաստի»: Արգասաբեր աշխատանք մաղթելով վերապատրաստման ծրագրի բոլոր մասնակիցներին` նախարարը նշել է. «Մաղթում եմ Ձեզ վառ պահել այն լույսը, որ կրում եք Ձեր մեջ, վառ պահել այդ ցանկությունը` հաղորդակից լինելու և մեր երկտասարդ սերունդներին հաղորդակից դարձնելու հայրենիքին»:
Այս տարվա վերապատրաստումների ծրագիրը ունի նաև այլ առանձնահատկություններ: Ուսուցիչների համար, բացի ավանդական դարձած չորս. այն է՝ մանկապարտեզի, տարրական, մեկօրյա, միջին և ավագ դպրոցների, ուսումնական խմբերից ձևավորվել են երկու նոր խմբեր` պարի ու արտադասարանային միջոցառումների կազմակերպում և երկրորդը՝ կրթության կազմակերպում ու կրթօջախների կառավարում:
Առաջին խմբի կազմավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սփյուռքի կրթօջախներում ուսումնական և դաստիարակության բաղադրիչները, կրթությունը և մշակույթը սերտորեն կապված են և լրացնում են միմյանց: Ազգային ոգով և մշակութային սկզբունքներով մատուցվող կրթության ու դաստիարակության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է կառավարչական հմտություններով: Հետևաբար, այս ոլորտի պատասխանատուների վերապատրաստումը ևս կարևոր է և արդիական:
Երկրորդ խմբի կազմավորման հնարավորությունը և անհարժեշտությունը քննարկվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովում: Նման ուսումնական ծրագրի գաղափարը առաջ է քաշվել հենց Սփյուռքի պատվիրակների կողմից և ամրագրվել է Խորհրդաժողովի բանաձևում:
Ծրագրի բաղադրիչ մաս է կազմում սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական այցելությունները Հայաստանի տեսարժան վայրեր և պատմաճարտարապետական հուշարձաններ: Այս տարի նախատեսված են այցելություններ Ազգային, Պատմության, Էրեբունի, Հ. Թումանյանի թանգարաններ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, և Փարաջանովի տուն-թանգարան, Մատենադարան, Խոր Վիրապ, Նորավանք, Սևան, Հաղարծին, Գառնի, Գեղարդ, Էջմիածին:
2011 թվականի վերապատրաստման դասընթացներին մասնակցում են 18 երկրի 84 ուսուցիչ: Դասընթացների ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:












