Թեհրանի հայագիտական կենտրոնը` դարավոր բարեկամության դրսևորում

2011-07-11

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանի հետ: Ողջունելով դեսպանին` նախարար Արմեն Աշոտյանն արձանագրել է, որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում հայ-իրանական համագործակցությունն առաջընթաց է ապրել, որն էլ հնարավորություն է ստեղծել ինչպես նախանշված ծրագրերի իրականացման, այնպես էլ նոր ծրագրերի ուրվագծման համար:
 Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ կյանքի է կոչվում նախորդ տարի ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ստորագրված «ԻԻՀ կառավարության և ՀՀ կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին 2010-2013 տարիների գործնական ծրագիրը», մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարությունն արդեն կազմակերպել է 2011-2012 ուսումնական տարվա համար միջպետական ուսանողական կրթաթոշակային մրցույթը: Նախարարը տեղեկացրել է, որ մրցույթը մեծ արձագանք է ունեցել հայ ուսանողների շրջանում, սակայն 2011 թվականին Հայաստանում հանրակրթական դպրոցների շրջանավարտներ չունենալու պատճառով բակալավրիատ ընդունվելու համար հատկացված տեղերը մնացել են թափուր: Միաժամանակ նախարարն առաջարկել է տեղերի վերաբաշխում կատարել, որովհետև մագիստրոսական տեղերի համար մեծ մրցույթ է ծավալվել:
Նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված Թեհրանի պետական համալսարանում հայագիտության ամբիոնի ստեղծմանը` հույս հայտնելով, որ ԵՊՀ ռեկտորի առաջիկա այցելությունն Իրան կնպաստի այդ խնդրում գործնական արդյունքների արձանագրմանը: «Հայագիտական կենտրոնի բացումը Թեհրանում կդառնա մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ու համագործակցության վառ դրսևորումը»,- նշել է նախարարը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանը շնորհավորել է նախարարին Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը ստանձնելու  կապակցությամբ և պատրաստակամություն արտահայտել հետամուտ լինել ԵՊՀ ռեկտորի այցի ընթացքում Թեհրանում հայագիտական կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Դեսպանն անդրադարձել է նաև հայ և իրանցի դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դիպլոմների փոխճանաչման, ուսանողների կրթության ընթացքում ծագած խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու համար եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեսպանի միջոցով Հայաստան է հրավիրել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուին` մասնակցելու սեպտեմբերին Երևանում նախատեսվող բարձրագույն կրթության ֆինանսավորմանը նվիրված կոնֆերանսին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։