Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
2011-07-11
Այս տարի ծրագրին կմասնակցեն 84 ուսուցիչ 18 երկրից:
Ընթացիկ տարվա ծրագրի առանձնահատկություններից է այն, որ ուսուցիչների համար, բացի ավանդական դարձրած չորս. այն է՝ մանկապարտեզի, տարրական, մեկօրյա, միջին և ավագ դպրոցների, ուսումնական խմբերից ձևավորվել են երկու նոր խմբեր` պարի ու արտադասարանային միջոցառումների կազմակերպում և երկրորդը՝ կրթության կազմակերպում ու կրթօջախների կառավարում:
Առաջին խմբի կազմավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սփյուռքի կրթօջախներում ուսումնական և դաստիարակության բաղադրիչները, կրթությունը և մշակույթը սերտորեն կապված են և լրացնում են միմյանց: Ազգային ոգով և մշակութային սկզբունքներով մատուցվող կրթության ու դաստիարակության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է կառավարչական հմտություններով: Հետևաբար, այս ոլորտի պատասխանատուների վերապատրաստումը ևս կարևոր է և արդիական:
Երկրորդ խմբի կազմավորման հնարավորությունը և անհարժեշտությունը քննարկվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված Համահայկական կրթական 4-րդ խորհրդաժողովում: Նման ուսումնական ծրագրի գաղափարը առաջ է քաշվել հենց Սփյուռքի պատվիրակների կողմից և ամրագրվել է Խորհրդաժողովի բանաձևում:
Ծրագրի բաղադրիչ մաս է կազմում սփյուռքահայ ուսուցիչների ճանաչողական և ուսուցողական այցելությունները Հայաստանի տեսարժան վայրեր և պատմաճարտարապետական հուշարձաններ: Այս տարի նախատեսված են այցելություններ Ազգային պատմության թանգարան, Էրեբունի, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, Հ. Թումանյանի թանգարաններ և Փարաջանովի տուն-թանգարան, Մատենադարան, Խոր Վիրապ, Նորավանք, Սևան, Հաղարծին, Գառնի, Գեղարդ, Էջմիածին:
Դասընթացների վերջում ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:












